Ոստիկանությունը կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի մեղավորության ապացույցներ է գտել դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու գործում, հայտնում է El Periodico-ն:
Իրավապահ մարմնի ներկայացուցիչները առգրավված տեսախցիկներն ուսումնասիրելուց հետո գրի են առել ենթադրյալ հանցագործությունից հետո կնոջ առաջին բառերը։ Տուժողը հայտնել է, որ Ալվեսն իրեն բռնաբարել է:
Կադրերում կարելի է նկատել «արտասվող և նյարդային կնոջ»: Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց և դատաբժշկական փորձաքննության ենթարկել: Տուժողի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք առաջացել են ֆուտբոլիստին դիմադրելիս:
Փորձագետները նաև գտել են մատնահետքեր, որոնք հավաստում են տուժողի տարբերակն ու հակասում են Ալվեսի պատմածին:
Ավելի վաղ Բրազիլիայի ազգային հավաքականի 39-ամյա պաշտպանը հաստատել էր, որ այդ օրը եղել է տվյալ գիշերային ակումբում, սակայն չէր ընդունել առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին ու զրկված է գրավով ազատ արձակվելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից: Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։