Logo

Զիդան, ՊՍԺ, աստրոֆիզիկա և մրցավազք. Հաջարի հանճարեղ Գրան պրին

Հեղինակ
Վահե Գևորգյան
18:46 / 11.06.2025Ֆորմուլա 1
null

Փարիզ, Մելյոն արվարձան, ալժիրյան արմատներով աստրոֆիզիկոս Յասին Հաջարի տան հեռուստացույցն աղմկում է բոլիդների ձայնից, Յասինի որդին՝ Իսակը դիտում է «Դիսնեյի» հայտնի «Մեքենաներ» մուլտֆիլմը...

«Սերն ավտոսպորտի հանդեպ առաջացել է հենց այդ մուլտֆիլմի շնորհիվ: Հայրս տեսնելով, որ երազում եմ մրցավազքի մասին, ինձ համար գո-կարտ գնեց, այդ օրվանից սկսվեց իմ կարիերան...»
Իսակ Հաջար

Դպրոցում Իսակի սիրելի առարկան ֆիզիկան էր, Հաջարներն ազատ ժամանակ խոսում էին աստրոֆիզիկայի, բոլիդների կառուցվածքի մասին՝ դե իհարկե բաց չթողնելով ֆուտբոլային հանդիպումներն իրենց սիրելի թիմի՝ ՊՍԺ-ի մասնակցությամբ.

«Հորս սիրելի ֆուտբոլիստը Զիդանն է, ես կնշեմ Մբապեի ու Դեմբելեի անունը: Ֆուտբոլը մեր առօրյայի անբաժանելի մասն է եղել երկար տարիներ...»
Իսակ Հաջար

Կարտինգում կարիերայի ընթացքում Իսակի առաջին մեխանիկը հենց հայրն էր: Հաջարը գո-կարտ մրցաշարերում հաջողություններ գրանցելուց հետո տեղափոխվեց ֆրանսիական «Ֆորմուլա-4», հենց այնտեղ նրան նկատեցին «Ռեդ Բուլի» երիտասարդական ծրագրի սկաուտները.

Բելգիական «Սպա» մրցուղում հաղթանակն ու պատվո հարթակը Լեդենոնի Գրան պրիում ապացուցեցին, որ Հաջարն ունի արագություն ու մեծ պոտենցիալ: Դոկտոր Հելմուտ Մարկոն իհարկե նմանատիպ պոտենցիալը բաց թողնել չէր կարող:

Հաջարի հետ պայմանագիր ստորագրեցին և նրան նստեցրին «Հայտեկի» բոլիդի ղեկին՝ Ֆորմուլա 3-ին մասնակցելու համար: 18 մեկնարկ, 3 հաղթանակ, 5 պատվո հարթակ և 123 միավոր. Հաջարը դոկտոր Մարկոյին չհիասթափեցրեց ու արժանիորեն տեղափոխվեց Ֆորմուլա 2:

«Իսակը ֆենոմենալ տեմպ ունի, բայց նա շատ փխրուն տղա է: Ցանկանում եմ, որ ավելի ագրեսիվ լինի, գրոհի յուրաքանչյուր շրջադարձի ժամանակ...»
Հելմուտ Մարկո

Մարկոյի ցանկությունն ալժիրյան արմատներով ֆրանսիացին իրագործեց արդեն Ֆորմուլա 2-ում: Չեմպիոնական պայքարը բրազիլացի Գաբրիել Բորտոլետոյի հետ ավելի քան էպիկ էր: «Կամպոսի» կազմում Հաջարը մոտ էր Ֆորմուլա 2-ի չեմպիոն դառնալուն, բայց ջիզեց Բորտոլետոյին 22 միավորով.

«Մենք արդեն բավականաչափ մրցավազք ենք դիտել Իսակի մասնակցությամբ, կարծում եմ՝ նա պատրաստ է Ֆորմուլա 1 տեղափոխությանը...»

Աստրոֆիզիկոս Իսակը չդարձավ, բայց իր և հոր երազանքն իրագործեց՝ դառնալով ալժիրյան արմատներով առաջին պիլոտը, որը ելույթ է ունենում Ֆորմուլա 1-ում: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Հաջարը պայմանագիր ստացավ «Ռեյսինգ Բուլսից»՝ դառնալով Յուկի Ցունոդայի թիմակիցը: Առաջին Գրան պրին ֆիասկոյի վերածվեց Հաջարի համար: Մելբուրնում Հաջարը վթարվեց մրցավազքի մեկնարկից առաջ, հուզված էր, իսկ նրան հուսադրում էր Լյուիս Հեմիլթոնի հայրը՝ Էնթոնին.

«Լյուիսն ավտոսպորտում իմ կուռքն է: Երբ պարոն Հեմիլթոնը մոտեցավ, մի պահ սթափվեցի: Նա ասաց, որ ամեն ինչ դեռ առջևում է, և որ հանկարծ չհուսահատվեմ մեկ ձախողումից...»
Իսակ Հաջար

Էնթոնի Հեմիլթոնի խոսքերն իրապես օգնեցին Հաջարին, մյուս 8 Գրան պրիներն Իսակն անցկացրեց ավելի քան մարտունակ՝ 21 միավոր, 9-րդ հորիզոնական պիլոտների աղյուսակում և ֆենոմենալ պիլոտաժ լեգենդար Մոնակոյի մրցուղում:

Հաջարը նախ՝ որակավորվեց 6-րդ տեղում, հետո՝ Հեմիլթոնի տուգանքի արդյունքում բարձրացավ 5-րդ հորիզոնական, դե իսկ մրցավազքն ավարտեց նույն 6-րդ տեղում: Անսխալ պիլոտաժ և կարիերայի լավագույն արդյունք Մոնտե Կառլոյի Գրան պրիում:

«Եթե անկեղծ, մի պահ աչքս փակվում էր. ուզում էի քնել: Միտումնավոր արագ հատվածներում ռիսկային էի գործում, որպեսզի մնամ տոնուսի մեջ...»

Հաջարն արդեն հիմա «Ռեդ Բուլ» տեղափոխվելու գլխավոր թեկնածուներից է: Ֆրանսիացի տաղանդն ընդամենը 20 տարեկան է: Նմանատիպ ստաբիլությունն ու արդյունքները Հաջարի յուրահատկության վկայությունն են: Ֆրանսիացին ոչ հեռավոր ապագայում վստահաբար կարող է դառնալ Ֆորմուլա 1-ի գլխավոր դեմքերից մեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ