Ըստ Deadline-ի՝ 2022 թվականի ամենաթանկ բլոկբաստերների ցանկի առաջատարը Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմն է։ Ֆիլմը կինովարձույթում հավաքել է 531,7 միլիոն դոլար․ հաշվարկներում հաշվի են առնվել ֆիլմի ստեղծման և առաջմղման ծախսերը, ինչպես նաև հանվել է կինոթատրոնների մասնաբաժինը։
«Ավատար 2»-ին հաջորդում է «Թոփ Գան․ Մավերիք»-ը, որը վաստակել է $391,1 մլն զուտ շահույթ:
«Մինիոններ. Գրյուի ծագումը» մուլտֆիլմի իրական եկամուտը կազմել է 382 միլիոն դոլար, ինչը նրան ապահովել է երրորդ հորիզոնականը։
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են Marvel-ի սուպերհերոսների մասին ֆիլմերը՝ «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» (284 միլիոն դոլար) և «Սև հովազ. Ընդմիշտ Վականդա» ($259 մլն)։
«Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 6-ին: Կինոժապավենը հավաքել է 2,243 միլիարդ դոլար և դարձել պատմության մեջ երրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով «Տիտանիկ»-ից: Երկրորդ մասի գլխավոր հերոսները կրկին երկրային Ջեյք Սալին (Սեմ Ուորթինգթոն) և այլմոլորակային Նեյտիրին (Զոի Սալդանա) են, որոնք արդեն երեխաներ են մեծացնում և ստիպված են ևս մեկ անգամ առերեսվել երկրացիների հետ։