Հռիփսիմե Հակոբյանը հայկական երգարվեստի ամենատարբերվող ձայներից է։ Երգչուհին հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման հետաքրքիր դրվագները։
Հորից թաքուն ընդունվեց Երգի պետական թատրոն
Ծնվել եմ շատ խաղաղ, ներդաշնակ, հասարակ, միջին խավի ընտանիքում, որտեղ չէին ընկալում, որ կարող եմ երգչուհի դառնալ։ Այդ տարիներին գրեթե բոլոր ընտանիքներում ուզում էին իրենց երեխան իրավաբան կամ բժիշկ դառնա։ Ես երրորդ երեխան եմ։ Իմ ծնվելուն ծնողներս սպասել են մոտ 7 տարի։ Միշտ նշում եմ, որ դրանից տուժել են քույրս ու եղբայրս։ Ծնողներս ամեն ինչ անում էին, որ հասնեմ նպատակիս։ Այն աշխատանքը, որ նրանք կատարում էին, հետագայում հիվանդությունների պատճառ դարձավ։ Պարտքի զգացում ունեի։ Երբ դարձա 16 տարեկան, ուզում էի ամեն ինչ անել թե՛ ծնողներիս, թե՛ քույրիկիս համար։ Այդ տարիներից ամեն ինչ վերցրի իմ ուսերին։ Այդ հատկանիշն ինձ հետ է մինչև այսօր։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ «բայց դու կարո՞ղ ես այդքանն անել»։
Մամայիս կողմում երաժիշտներ կան՝ մորեղբայրներս և հորական պապս երաժշտական գործիքների են տիրապետել, բայց ոչ ոք չի զբաղվել այս մասնագիտությամբ։
Հռիփսիմե Հակոբյանի մայրն ու որդին՝ Լեոն
Ինչպես հիմա մայրս է ամեն ինչի պատրաստ Լեոյի համար, այդպես ժամանակին հորական տատիկս էր իմ նկատմամբ։ Երբ հայրս ասում էր՝ «ինչ երգչուհի, ուրիշ մասնագիտություն ընտրիր», տատիկս ասում էր՝ «մենք առանձին կգնանք»։ Ու այդպես 12 տարեկանում գաղտնի ընդունվեցի Երգի պետական թատրոն։ Լսումներին ներկա էին Արթուր Գրիգորյանը և իմ ամենասիրելի երգչուհին, ուսուցչուհին՝ Վարդուհի Վարդանյանը։ Երգում էի Ալսուի «Ձմեռ» երգը։ Առանց քննարկելու Վարդուհի Վարդանյանն ասաց՝ «դու պիտի լինես իմ դասարանում»։ Դա իմ ամենամեծ երազանքն էր։ Վարդուհին այդ ժամանակ ամենա-ամենա երգչուհին էր, «Սլավյանսկի բազարին» էր մասնակցում։ Նա ինձ համար երգչուհու իսկական օրինակ էր։ Մի աղջիկ, ում, եթե «թարս նայեիր», կհուզվեր, հայտնվել էր մի վայրում, որտեղ միայն թևեր էին տալիս։ Արթուր Գրիգորիչն իմ երկրորդ հայրն էր։ Նա երեխաներին բացահայտելու տաղանդ ուներ։
Հռիփսիմե Հակոբյանը, Արթուր Գրիգորյանն ու Մարտին Մկրտչյանը
Առաջին երգը՝ 100․000 դրամով
Առաջին տեսահոլովակս «Ոչ հետո, ոչ հիման» էր։ Մի մարդ, ով պարզվեց հեռու ծանոթ էր, երգը լսել, հավանել էր և հովանավորեց, որ տեսահոլովակ նկարահանենք։ Նկարահանումները Սոչիում էին։ Այդ երգը գնել էի առաջին աշխատավարձովս։ Թող Վահրամ Պետրոսյանն ինձ ների, որ բարձրաձայնում եմ, բայց երգը գնել էի 100․000 դրամով։
Չէի ուզում լինել փոքր բեմի երգչուհի։ Ուզում էի մեծ լսարան ունենալ։ Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց գիտեի, որ կարող եմ Արթուր Գրիգորիչի ասած այդ «վատ երգերը» ևս երգել և որոշեցի ինձ փորձել այդ ժանրում։ Այդ ժամանակ Երգի պետական թատրոնում ունեինք «Արմինա» նախագիծ։ Այդտեղ երգում էինք ես, Արփի Գաբրիելյանն ու Անին, բայց ես Գրիգորիչին ասացի, որ ուզում եմ անհատական կարիերա սկսել։ Հարցրեց պատճառը, պատասխանեցի՝ «գումարը»։ Հենց նա է ինձ օգնել ընդունվել ակումբ՝ երգելու։ Դրանից հետո, երբ ինձ տեսնում էր, ասում էր՝ «չես մոռացել չէ՞, որ ես ինձ դեմ եմ գնացել ու քեզ ընդունել եմ ակումբ, որ գումար աշխատես»։ Երբ կարողանում ես բավարարել քո պահանջները, մի երգին հաջորդում է մյուսը, միշտ ձգտում ես ավելիին։ Արթուր Գրիգորիչն ասում էր, որ իմ մեջ սիրում է լավը «գողանալու» կարողությունը։ Ինքս իմ նկատմամբ մեղավոր եմ մասամբ, երբ ձայնս օգտագործում եմ կոմերցիոն նպատակով, բայց փորձում եմ լավ արվեստի բացը ժամանակ առ ժամանակ լրացնել և ինքս ինձ հագեցնել։ Խաղաղ եմ ինձ հետ, որովհետև որևէ անորակ բան չեմ արել։
Լիլիթ Հովհաննիսյանի հետ ընկերությունն ու մրցակցությունը
Մրցույթներն անկանխատեսելի են ամեն առումով։ «Նոր ալիք 2012»-ին մասնակցեցինք ես, Լիլիթ Հովհաննիսյանն ու Սուրեն Առուստամյանը։ Հիմնական մրցակցությունն իմ և Լիլիթի միջև էր, բայց անցավ Սուրենը։ Գուցե ինձ համար ճիշտ ժամանակը չէր։ 2011-ին ես Մոլդովայի միջազգային մրցույթից վերադարձա երկրորդ հորիզոնականով։ Իսրայելի ներկայացուցիչն իր «Գրան պրին» ինձ հանձնեց։ Այդ ժամանակ շատ էի ուզում մրցել, հաղթել, Հայաստանի դրոշը բարձրացնել, բայց հետո այդ ամենն անցավ։ Շատ հաղթողներ հիմա պարզապես չկան։
Իմ և Լիլիթի միջև լարվածություն կար, բայց այնքան սխալ տեղ էր դա։ Իսկ ի՞նչ անեինք, եթե ընկերուհիներ ենք և երկուսս էլ երգում ենք։ Հիմա մտածում եմ, որ առաջինը ինքդ քեզ հետ պետք է մրցակցես, և դա պետք է լինի ավելին անելու ձգտում, ոչ թե մրցակցություն։
Երբևէ չեմ վիճել որևէ մեկի հետ։ Պարզապես կարող եմ տվյալ տարածքից աննկատ հեռանալ։ Լինելով չափից շատ էմոցիոնալ՝ կարող ես ամբողջովին տրվել մարդուն, հետո կրկին էմոցիոնալ հեռանալ, բայց լուռ։ Չեմ սիրում վեճ, կոնֆլիկտ։ Աննկատ հեռանալը հանրության համար շատ նկատելի է։
Սեր ոչ առաջին հայացքից
Մարտինի հետ ծանոթացել ենք այն ակումբում, որտեղ ինձ համար աշխատանք էր գտել Արթուր Գրիգորյանը։ Մարտինն իմ եղբայրն էր ու շատ սիրում էր իմ երգարվեստը։ Այդ ժամանակ շատերն էին ինձ եղբոր նման վերաբերում՝ Արման Հովհաննիսյանը, Կարեն Սևակը։ Երբմեն Մարտինը գալիս ասում էր՝ «այս տղան քեզ հավանում է»։ Ասում էի՝ «վա՜յ, Մարտին ջան, այնպես արա՝ չմոտենա ինձ»։
Մի օր Մարտինի մոտ զգացմունք առաջացավ, բայց ես չընկալեցի դա, որովհետև նա այն կերպարը չէր, ում պատկերացնում էի կողքիս։ Այդ ժամանակ, առհասարակ, ոչ ոքի չէր պատկերացնում։ Իմ միակ նպատակը երգչուհի դառնալն էր, իսկ Մարտինը մինչև երգիչ լինելն իսկական հայ տղամարդ էր, ով չէր պատկերացնում, որ իր կինը կարող է երգել։ Նա ինձ չէր տեսնում երգչուհու դերում, ես էլ չէի ուզում ինձ տեսնել հայ կնոջ կերպարում, ով չպիտի լիներ բեմում։ Կողքից ամեն ինչ շատ սահուն է թվում, բայց շատ խոչընդոտներ ենք հաղթահարել։ Եկավ մի պահ, որ 3 քայլ հետ կանգնեցի, որ ունենամ ընտանիք։ Մարտինը հասավ այն Հռիփսիմեին, ում պատկերացնում էր։ Խորհուրդ կտամ, որ ոչ ոք իրեն դեմ չգնա, որովհետև հետդարձի ճանապարհին ինչ-որ բաներ ներսումդ մահանում են։ Մարտինը նկատեց, որ իմ ներսում շատ բան այլևս «չի աշխատում»։ Նա էլ ինձ այդպես չէր ընկալում և թողեց շնչեմ։
«Եթե Նանուլին ընտրեին, չեմ կարծում՝ Վիկան ասեր՝ թող իմ երեխան չգնա»
Մինչև «Մանկական Եվրատեսիլի» հայտագրումը հարցրի Վիկային՝ «հայտ ներկայացնելո՞ւ եք», պատասխանեց «ոչ»։ Հետո մենք հայտը ներկայացրինք, ընտրեցին Լեոյին։ Զարմանալի էր մեզ համար, որովհետև նախորդ տարի էլ էր Լեոն մասնակցել նախնական փուլին, բայց չէին ընտրել։ Լարված չեմ, որևէ մեկի նկատմամբ։ Եթե Նանուլին ընտրեին, չեմ կարծում՝ Վիկան ասեր՝ թող իմ երեխան չգնա, որովհետև սա քո երեխայի վերջին տարին է»։
Նանուլին սիրել եմ երեխայիս նման։ Միշտ աջակցել եմ, խորհուրդներ եմ տվել։ Ավելին՝ երբ Նանուլը տեսահոլովակ ներկայացրեց, շնորհավորել եմ նրան։ Բացարձակ կոնֆլիկտ չկա։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝