
«ԲԱՆԱՆՑ» – «ՓՅՈՒՆԻԿ»
13 խաղ, +3=3-7, 9-16
25 հոկտեմբերի, ժ.15:00, «Բանանց-1» մարզադաշտ
1-ին խաղ. 20.09.2017 «Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0
Խաղացանկի քմահաճույքով «Բանանցն» ու «Փյունիկը» 4 օրում երկու անգամ մրցավեճի են բռնվելու միմյանց հետ՝ նախ անցկացնելով ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը, ապա մրցելով առաջնության 11-րդ տուրում:
2-րդ տարին անընդմեջ «Փյունիկի» և «Բանանցի» գավաթային ճանապարհները կրկին հատվել են: Նախորդ խաղարկությունում մրցակիցների կիսաեզրափակիչ մրցավեճն ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով (2-1, 1-0), որը հետագայում եզրափակչում գավաթը զիջել էր «Շիրակին»՝ պարտվելով 0-3 խոշոր հաշվով:
Մրցակիցների միջև կայացած գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, այնպես որ կիսաեզրափակչի ուղեգրի բախտը վճռվելու է պատասխան խաղում:
Իր խաղը զգալիորեն կարգավորած «Բանանցն» առաջնության վերջին 3 հանդիպումներում անհաջող հանդես եկավ՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր, չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:
Իսկ «Փյունիկի» համար ընթացիկ մրցաշրջանն առայժմ վատագույններից մեկն է թիմի պատմության մեջ: Հայաստանի բազմակի չեմպիոնն արդեն երկու տուր է, ինչ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 5 անընդմեջ պարտություն էր կրել և միայն 10-րդ տուրում կարողացավ ընդհատել անհաջողությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Շիրակի» հետ:
Այնպես որ երկու թիմերի համար էլ գավաթի կիսաեզրափակչի ուղեգրի նվաճումը շատ կարևոր է և որոշ չափով կմեղմացնի երկրպագուների դժգոհությունն իրենց սիրելիների վերջին շրջանի անհաջող ելույթներից:
Հարկ է նշել, որ գավաթի մրցաշարերում «Փյունիկը» «Բանանցի» համար դժվարին մրցակից է: Դա հատկապես վերաբերում է պատվավոր մրցանակի համար մրցակիցների միջև կայացած վճռորոշ հանդիպումներին: Մինչ այժմ «Փյունիկն» ու «Բանանցը» 4 անգամ են միմյանց հետ վիճարկել Հայաստանի գավաթը և եզրափակիչ 3 հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է փյունիկցիներին:
1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում նորաստեղծ թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող «Բանանցին», որը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը: «Փյունիկի» ղեկին, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ, խաղացող-մարզչի կարգավիճակով Խորեն Հովհաննիսյանն էր:
12 տարի անց՝ 2004թ. «Փյունիկը» Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ եզրափակչում ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ էլ փյունիկցիներին չհաջողվեց խոցել մրցակցի դարպասը՝ հաղթելով միայն հետխաղյա 11մ հարվածներով:
Թիմերի միջև կայացած գավաթի հաջորդ երկու եզրափակիչները տարբեր կերպ դասավորվեցին: 2009թ. եզրափակիչ խաղում գավաթի բախտը վճռեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գնդակը: Իսկ ահա հաջորդ տարի «Փյունիկը» եզրափակչում պարզապես ջախջախեց «Բանանցին»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Գրանցված խոշոր հաշիվն ինչ-որ չափով անսպասելի էր, քանի որ «Բանանցը» մակեդոնացի մարզիչ Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ շատ հաջող էր մեկնարկել առաջնությունում՝ 7 տուրից հետո ընդամենը 3 միավորով հետ մնալով առաջատար «Փյունիկից», որի հետ մինչ գավաթի եզրափակիչն առաջնության հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 1-1:
Մրցակիցների գավաթային հերթական դիմակայությունը 9-րդն է: Դրանցից միայն 2-ում է «Բանանցին» հաջողվել հաղթահարել «Փյունիկի» արգելքը: «Փյունիկի» հետ մրցավեճում «Բանանցին» երկրորդ անգամ հաջողությունն ուղեկցել է 2003թ. խաղարկության կիսաեզրափակչում (1-1, 2-1), ընդ որում հաղթանակը ձեռք է բերվել մրցակցի հարկի տակ:
Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ «Բանանցը» մտավ եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջեց «Միկային»: Դրանից հետո մրցակիցների միջև կայացած գավաթային 5 դիմակայություններում էլ առավելության է հասել «Փյունիկը»:
Եռակի գավաթակիր «Բանանցը» բավական հաջող է հանդես եկել քառորդ եզրափակիչ փուլում: 18 անգամ հանդես գալով գավաթի քառորդ եզրափակչում, «Բանանցի» ֆուտբոլիստներին միայն երկու անգամ՝ 2002 և 2012թթ. չի հաջողվել կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել՝ զիջելով համապատասխանաբար «Փյունիկին» (1-2, 0-2) և «Շիրակին» (1-2, 0-0):
Գավաթի մրցաշարերում «Բանանցը» հատկապես հաջող է հանդես եկել 2003-2011թթ.՝ մշտապես հաղթահարելով քառորդ եզրափակչի արգելքը: Այդ տարիներին «Բանանցը» 6 անգամ հանդես է եկել գավաթի եզրափակչում (2007-2010թթ.՝ անընդմեջ)՝ 2007թ. «Արարատի» հետ մրցավեճում դառնալով պատվավոր մրցանակի դափնեկիր:
Գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիր՝ պատվավոր մրցանակի ութակի դափնեկիր «Փյունիկը» 24 խաղարկություններից միայն 5-ում (1995, 2005, 2011, 2012, 2015/16թթ.) չի կարողացել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը:
«Փյունիկի» համար հատկապես հաջող է եղել 2013-2015թթ., երբ թիմը 3 տարի անընդմեջ նվաճել է ՀՀ գավաթը՝ կրկնելով «Արարատի» ռեկորդային ցուցանիշը (1993-1995թթ.):
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած հանդիպումներից առաջինում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2-2, իսկ երկրորդում 2-1 հաշվով հաղթել է «Բանանցը»:
Մրցակիցների գավաթային հանդիպումներում առավել արդյունավետ է գործել «Բանանցի» ներկայիս մարզիչ Արամ Հակոբյանը՝ խփելով 3 գնդակ: Փյունիկցիներից 2-ական անգամ գոլի հեղինակ են դարձել Մամադու Դիավարան, Աղվան Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը:
«Փյունիկը» լուրջ կորուստներով է մոտենում այս խաղին: Հանդիպումը բաց կթողնեն նախորդ տուրում դաշտից հեռացված Դիդյե Բորիս Կադիոն և 4-րդ զգուշացումը ստացած Արթուր Քարտաշյանը:
Աշոտ Հայրապետյան