Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Սթիվեն Ջերարդն ու Ֆրենկ Լեմպարդը Անգլիայի երիտասարդական հավաքականը գլխավորելու թեկնածուներն են, հայտնում է The Telegraph-ը:
Այժմյան գլխավոր մարզիչ Լի Քարսլին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունից հետո, որը կկայանա 2023 թվականի ամռանը Ռումինիայում և Վրաստանում:
Եթե դա տեղի ունենա, ապա Ջերարդը, Լեմպարդը և ազգային թիմի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ, որի անունը չի նշվում, Քարսլիի ամենահավանական փոխարինողներն են:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) երկարաժամկետ հեռանկարում Ջերարդին ու Լեմպարդին դիտարկում է որպես Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին փոխարինողի:
Հիշեցնենք, որ Սթիվեն Ջերարդը 2016-2018 թվականներին գլխավորել է «Լիվերպուլի» տարբեր տարիքային թիմերը, այնուհետև աշխատել շոտլանդական «Գլազգո Ռենջերսում» և անգլիական «Ասթոն Վիլայում», որտեղից հեռացել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին:
Ֆրենկ Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է «Չելսիի» երիտասարդական թիմում, այնուհետև գլխավորել «Դերբին», «Չելսին» և «Էվերթոնը», որտեղից հեռացել է 2023 թվականի հունվարի 23-ին: