Իտալական «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ուզում եմ իմ կարծիքն ու դիրքորոշումը հայտնել որպես քաղաքացի։ Եվրոպական ճանապարհով գնալու վրաց ժողովրդի ցանկությունն ու կամքը մեր պատմական ընտրությունն է, միակ ճիշտ ընտրությունը, և այս ճանապարհից երես թեքելն անընդունելի է։ Այս երկիրը պատկանում է ժողովրդին, և ոչ ոք վեր չէ ժողովրդի կամքից։
Դուք ցավ եք պատճառում ձեր երկրին, ցավ՝ ձեր ժողովրդին, ինձ համար ցավալի և զգացմունքային է դիտել բոլոր տեսակի տեսանյութերը, որոնք վիրուսային են դառնում, դադարեցրեք բռնությունն ու ագրեսիան: Վրաստանն այսօր արժանի է Եվրոպային ավելի, քան երբևէ»։ — գրել է Կվարացխելիան:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հայտարարեց Եվրոպական Միությանը Վրաստանի անդամակցության վերաբերյալ բանակցությունները մինչև 2028 թվականը սառեցնելու մասին: