Մադրիդի «Ռեալում» լրջորեն հետաքրքրված են Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով, հաղորդում է Marca-ն:
Վալդեբեբասի գրասենյակներում, ըստ աղբյուրի, 22-ամյա խաղացողի անունը շատ է շրջանառվում:
««Ռեալը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Նիկո Ուիլյամսին: Գործարքը ոչ միայն անհավանական շարքից չէ, այլև հավանական է, քանի որ հարկավոր է ընդամենը վճարել նրա պայմանագրով սահմանված 58 միլիոն եվրո հրաժարագինը»,- գրում է մադրիդյան պարբերականը:
«Ռեալին» Նիկո Ուիլյամսի տարբերակը շատ է գրավում, քանի որ նա արդեն իսկ հանրաճանաչ ֆուտբոլիստ է, իսկ նրա՝ Իսպանիայի ազգային հավաքականի անդամ լինելու հանգամանքը գործարքն իրականացնելու նպատակով «Արքայական ակումբի» համար լրացուցիչ խթան է: Ակումբն այդպիսով կպահի «ազգային բազան ու շուկայական դիրքը»:
Մադրիդյան գրանդին նաև գրավում է այն հանգամանքը, որ Նիկո Ուիլյամսի ծառայություններով նախորդ ամռանն ակտիվորեն հետաքրքրված էր «Բարսելոնան»: Չնայած նրան, որ կատալոնական ակումբի համար Ուիլյամսին ձեռք բերելու տարբերակն արդեն արդիական չէ՝ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» թեկուզ նախկին, բայց, այդուհանդերձ, տրանսֆերային թիրախին:
Լամին Յամալի՝ օրեցօր աճող կերպարն իսպանական ֆուտբոլում ևս մեկ շարժառիթ է «Ռեալի» համար, որ ակումբը կատարի գործարքը՝ որոշակի հավասարակշռություն ապահովելու համար: Ինչպես Լամին Յամալը, այնպես էլ Նիկո Ուիլյամսը մեծ ոգևորություն են առաջացնում երկրպագուների շրջանում:
Նիկո Ուիլյամսի տրանսֆերի դեպքում Ռոդրիգոյի հեռանալու հարցը պայմանավորված կլինի միայն ժամանակով: Վերջին շրջանում, առանց այս լուրի էլ, Ռոդրիգոյի հեռանալու տարբերակը դարձել է հավանական:
Ինչ որոշում էլ «Ռեալը» կայացնի, ակումբում վստահ են, որ Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու տարբերակը շուկայական հնարավորություն է, որը չի կարելի անտեսել: