Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն:
«Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ... Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։
Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը հագնելու ցանկությամբ և մեծ հաջողությունների հասնելու ամբիցիայով, բայց չէի կարող պատկերացնել, թե ինչ էր ինձ համար պատրաստել ապագան։ Որպես ֆուտբոլիստ և որպես անձ՝ «Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը։ Ես հպարտ եմ, որ եղել եմ պատմության մեջ լավագույն ակումբի ամենահաջողակ դարաշրջաններից մեկի մասնակիցը։
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ակումբին, հատկապես նախագահ Ֆլորենտինո Պերեսին, իմ թիմակիցներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ այս ամբողջ ընթացքում։
Տարիների ընթացքում ես ապրել եմ անհավանական պահեր, անհնարին թվացող քամբեքներ, եզրափակիչներ, տոնակատարություններ և կախարդական գիշերներ «Բեռնաբեուում»։ Մենք հաղթեցինք ամեն ինչ, և ես շատ ուրախ էի։ Շատ, շատ ուրախ։
Բայց տիտղոսներից ու հաղթանակներից զատ, ես սրտումս կրում եմ ակումբի բոլոր երկրպագուների սերը։ Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ այն հատուկ կապը, որը ես ունեմ ձեզ հետ, և թե ինչպես եմ զգացել և շարունակում եմ զգալ ձեր աջակցությունը, հարգանքն ու սերը։ Ես երբեք չեմ մոռանա ձեր ծափահարությունները:
Ես հեռանում եմ լի սրտով, լի հպարտությամբ, երախտագիտությամբ և անմոռանալի հիշողություններով։ Եվ չնայած աշխարհի ակումբային առաջնությունից հետո ես այլևս չեմ հագնի այս մարզաշապիկը խաղադաշտում, ես միշտ կմնամ «Ռեալի» երկրպագու»,- գրել է 39-ամյա ֆուտբոլիստը:
«Ոսկե գնդակի» 2018 թվականի դափնեկիրը «Ռեալին» միացել է 2012 թվականին, անցկացրել 590 խաղ, խփել 43 գոլ: Նա ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է «Արքայական ակումբի» պատմության մեջ: