
Այսօր Գյումրին 7-րդ անգամ կվերածվի պարային ռիթմերով ապրող քաղաքի. ժամը 13:00-ին Գյումրու Սև Բերդ ամրոցում կանցկացվի «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը՝ հանրապետության 3 մարզերի տասնյակ համայնքներից ու մայրաքաղաք Երևանից Գյումրի ժամանած պարային համույթների մասնակցությամբ:
Մրցութային ժյուրին կնախագահի ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի հայ արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը:
Յուրաքանչյուր համույթ մրցութային փուլին կներկայանա ազգային պարերի երկու կատարմամբ:
Մրցույթը կանցկացվի 3 տարիքային խմբերում.
- 8-12 տարեկաններ
- 12-16 տարեկաններ
- 16-ից բարձր
Իսկ արդեն ժամը 18:00-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին, որի ընթացքում էլ կամփոփվեն մրցույթի արդյունքները, մրցանակակիրները կպարգևատրվեն:
Պարային հրավառության կազմակերպիչներն ասում են՝ «Շիրակի էսքիզները» նպատակ ունի մի կողմից բացահայտել Հայաստանում գործող մանկապատանեկան լավագույն պարային համույթներին ու խմբերին, մյուս կողմից՝ նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը: