1933 թվականի հուլիսի 13-ին մահացավ հայ գրող Նար-Դոսը, նույն ինքը՝ Միքայել Հովհաննիսյանը։ Մահվան 92-րդ տարելիցի առիթով «Fast News Culture»-ը կպատմի՝ ինչպես գրողը Նար-Դոսն ընտրեց գրական կեղծանուն։
Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով նա նարդոսից, որը մեղրատու ծաղիկ է, պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Ապագա հայտնի գրողը՝ փոքրիկ Միքայել Հովհաննիսյանը, շատ է տպավորվում այս դեպքից։ Նարդոս ծաղիկը նրա համար կախարդական մի բան էր թվում՝ օժտված կյանքը փրկելու, ավելի լավը դարձնելու հատկանիշներով։
Հետագայում այդ ծաղկի անվանումը նա դարձնում է գրական կեղծանուն՝ այն բաժանելով 2 մասի, միացնելով միության գծիկով՝ Նար-Դոս։
Գրողը երազում էր 2 տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Նա որոշել էր այդ բաղձալի երազանքն իրականացնելուց հետո անվան գրությունը փոխել, հանել միության գծիկը և գրել այնպես, ինչպես ծաղկի անունն է՝ միասնական։ Բայց նա ունեցավ 1 որդի, ով երգիչ, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանն էր։