ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկության խմբային փուլի առաջին տուրում կայացան մի շարք հանդիպումներ:
A դիվիզիոնի առաջին խմբում Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնում ընդունեց 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Ազգերի լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից Խորվաթիային և հաղթեց 2-1 հաշվով:
Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: 7-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն: 34-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշի փոխանցումից հետո պորտուգալացիների առավելությունը կրկնապատկեց Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` խփելով կարիերայի 900-րդ գոլը: 7 րոպե անց էլ Դալոն պատահմամբ գրավեց սեփական դարպասը:
Այս խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականը Շոտլանդիայի նկատմամբ արտագնա հաղթանակ կորզեց 3-2 հաշվով: Լեհերի գոլերը խփեցին կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, կիսապաշտպաններ, թուրքական «Ֆեներբահչեից» Սեբաստիան Շիմանսկին և իտալական «Ռոմայից» Նիկոլա Զալևսկին: 22-ամյա Զալևսկին հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը:
A դիվիզիոնի չորրորդ խմբում մրցաշարի գործող հաղթող և Եվրո-2024-ի չեմպիոն Իսպանիան հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Սերբիայի հավաքականի հետ:
Խմբի մյուս խաղում Դանիան տանը 2-0 հաշվով հաղթեց մրցավեճի ընթացքում 9 ֆուտբոլիստով մնացած Շվեյցարիայի հավաքականին:
Ազգերի լիգա, խմբային փուլ, առաջին տուր
A դիվիզիոն, առաջին խումբ
Պորտուգալիա - Խորվաթիա` 2-1 (տեսանյութ)
Դիոգու Դալո, 7, Կրիշտիանու Ռոնալդու, 34 - Դիոգու Դալո, 41 (ինքնագոլ)
Շոտլանդիա - Լեհաստան` 2-3 (տեսանյութ)
Բիլի Գիլմոր, 46, Սքոթ Մաքթոմինեյ, 76 - Սեբաստիան Շիմանսկի, 8, Ռոբերտ Լևանդովսկի, 44 (11մ), Նիկոլա Զալևսկի, 90+7 (11մ)
A դիվիզիոն, չորրորդ խումբ
Սերբիա - Իսպանիա` 0-0
Դանիա - Շվեյցարիա` 2-0 (տեսանյութ)
Պատրիկ Դորգու, 82, Պյեր-Էմիլ Հյոյբերգ, 90+2
Հեռացում` Նիկո Էլվեդի, 52, Գրանիտ Ջակա, 87
C դիվիզիոն, երրորդ խումբ
Բելառուս Բուլղարիա` 0-0
Հյուսիսային Իռլանդիա - Լյուքսեմբուրգ` 2-0 (տեսանյութ)
C դիվիզիոն, առաջին խումբ
Էստոնիա - Սլովակիա` 0-1
D դիվիզիոն, առաջին խումբ
Սան Մարինո - Լիխտենշտայն` 1-0 (տեսանյութ)