Տիրասպոլի «Շերիֆն» «Ուտրեխտի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի տնային հանդիպումը կանցկացնի Նիսպորենիում, հայտնում է նիդերլանդական ակումբի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 24-ին կայանալիք հանդիպումը կանցկացվի Nisporeni Central Stadium-ում:
Քանի որ Տիրասպոլը, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի ակումբ «Շերիֆը», գտնվում է Մերձդնեստրում, «Ուտրեխտը» հանդիպման անցկացման վայրը փոխելու համար դիմել է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցին՝ ՈՒԵՖԱ-ին՝ ստանալով դրական պատասխան:
Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությունը Տիրասպոլի համար սահմանել է կարմիր կոդ։ Դա նշանակում է, որ այնտեղ ճանապարհորդելը խորհուրդ չի տրվում։
Որակավորման առաջին փուլում մոլդովական «Շերիֆն» ընդհանուր 5-2 հաշվով հաղթել էր Կոսովոն ներկայացնող «Պրիշտինային»: Պատասխան խաղում Տիրասպոլը ներկայացնող թիմի միակ գոլը խփել էր Արթուր Սերոբյանը: