Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները պարգևավճար կստանան, եթե թիմը կարողանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում քամբեք կատարել և հաղթահարել «Արսենալի» արգելքը, հաղորդում է իսպանական Sport-ը:
«Ալավեսի» դեմ Լա լիգայի հերթական տուրի խաղից (1-0) հետո «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտել է թիմի հանդերձարան ու խաղացողներին խոստացել, որ «Արսենալի» դեմ խաղում քամբեքի ու հաջորդ փուլ անցնելու դեպքում նրանք «հյութալի բոնուս» կստանան:
«Եթե դուք հաղթեք ու հասնեք կիսաեզրափակիչ, ակումբի կողմից պարգևատրում կստանաք»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Ֆլորենտինո Պերեսը:
«Արսենալ Սթեդիումում» կայացած խաղում «Ռեալը» պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: