Այսօր հայ ամենատիտղոսավոր մարզիկի՝ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի, ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։ Աշխարհահռչակ մարմնամարզիկը դարձավ 93 տարեկան։
VNews-ի լրագրող Հրայր Նազարյանը ստորև անդրադարձել է լեգենդար մարմնամարզիկի անցած ճանապարհին:
«Ալբերտ Ազարյանի մարզական նվաճումները հիրավի հիացնում ու տպավորում են։ Անգամ տասնամյակների խորքից դրանք փարոսի պես ուղեցույց են մնում սպորտի դժվարին ու պատվավոր ուղին ընտրած տարբեր սերունդների մարզիկների համար։ Նրան փորձում են նմանվել, նրան ձգտում են հավասարվել։ Նրանով հպարտանում ենք ազգովի։ Ալբերտ Ազարյանի պես մեծություններն ազգային արժեք են, անգամ՝ համաշխարհային լեգենդ։ Աշխարհում, հավանաբար, քիչ չեն բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած մարզիկները, բայց սակավաթիվ են այնպիսիք, որոնք ուրույն և անջնջելի հետք են թողել սպորտում։ Այդպիսի եզակիներից է Ալբերտ Ազարյանը։
Տիտղոսներով հանդերձ նա պատմության մեջ անկասկած կմնա իր հեղինակային «ազարյանական խաչ»-ով, որն այսօր էլ համարվում է սպորտային մարմնամարզության ամենաբարդ տարրերից մեկը և հասանելի է ոչ բոլորին։ Այն կատարելու համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ ու պիրկ մկաններ և յուրահատուկ վարպետություն։ Շատերն են խոստովանում, որ համապատասխան մկանախումբն անչափ դժվար է զարգացնել միայն մարզումների միջոցով. Ալբերտ Ազարյանին դա հաջողվել է պատանեկան տարիքում դարբնոցում աշխատելու շնորհիվ։
Լեգենդար մարզիկի մասին կարելի է անվերջ պատմել։ Համոզված ենք՝ մարզասերներից շատերն են տեղյակ նրա կյանքի ու մարզական ճանապարհի մանրամասներին։ Հուսով ենք նաև, որ շատերն էլ կհետաքրքրվեն հայ մեծանուն մարզիկի խիստ ուշագրավ պատմությամբ և ինքնուրույն կլրացնեն նրա մասին տեղեկությունների բացը։ Դա մի պատմություն է նրա մասին, թե ինչպես կարելի է տաղանդի, աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ նվաճել համաշխարհային բարձունքներ։
Մինչդեռ Ալբերտ Ազարյանին հաջողվել է ոչ միայն ինքնուրույն հասնել Օլիմպոսի գագաթին, այլև այդ բարձունքին առաջնորդել որդուն։ 1980 թվականի մոսկովյան Օլիմպիական խաղերում պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին բարձրացավ ևս մեկ Ազարյան՝ Էդուարդը, որը ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճեց թիմային պայքարի ոսկե մեդալը։ Հայր և որդի օլիմպիական չեմպիոններ. նման օրինակները շատ քիչ են համաշխարհային սպորտում։
1962 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց Ալբերտ Ազարյանին նվիրված «Փառքի օղակներ» ֆիլմը, որի գլխավոր հերոսի դերը կատարել է հենց ինքը՝ մեծանուն չեմպիոնը։ Հետաքրքիր զուգադիպությամբ նա մարմնավորել է «Արմեն Նազարյան» անուն-ազգանունով հերոսի։ Դրանից 34 տարի անց անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը դարձավ իրական Արմեն Նազարյանը՝ մասիսցի փառապանծ ըմբիշը։
Ալբերտ Ազարյանի պարգևների հավաքածուն չեն զարդարում նրա օլիմպիական մեդալները. դրանք տասնամյակներ առաջ Երևանում կազմակերպած ցուցադրության ժամանակ առևանգել են անհայտ չարագործները։ Կորուստը փոխհատուցում են համընդհանուր ճանաչումն ու սերը։
Ծնունդդ շնորհավոր, ՎԱՐՊԵՏ...»: