Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվող ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում պայքարը սկսել են հունահռոմեականները:
Երեք ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչում կունենա երկու ներկայացուցիչ: Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը (63 կգ) և երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Հայկ Խլոյանը (97 կգ) երկուական հաղթանակ են տարել:
Ասլանյանը 9-0 հաշվով հաղթել է ղազախ, 8-1 հաշվով` ամերիկացի ըմբիշի: Խլոյանը մեկնարկում 3-2 հաշվով հաղթել է ավստրիացու, իսկ քառորդ եզրափակիչում 8-0 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել ուզբեկ ըմբիշի դեմ գոտեմարտում:
Սամվել Գևորգյանը (82 կգ) մեկնարկում 4-0 հաշվով հաղթել է Եվրոպայի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Ալիևին, սակայն քառորդ եզրափակիչում 1-7 հաշվով զիջել է ուզբեկ ըմբիշի:
Վարկանիշային մրցաշարը, կիսաեզրափակիչներից սկսած, հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքներով: Բոլոր գոտեմարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):