Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-ին կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը գորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները:
8 մարզիկով Խորվաթիա մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցումային առաջին օրը կունենա 5 մասնակից:
Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի բուլղարացի ըմբիշ Գեորգի Վալենտինով Վանգելովի հետ:
Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտայի հետ:
Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի սլովակ Դանիել Չոմանիկի և մոլդովացի Վասիլե Դյակոնի դիմակայության հաղթողի հետ:
Արման Ավագյանը (79 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևի հետ:
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում կգոտեմարտի գերմանացի Էրիկ Սվեն Թիլի հետ:
Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ)։