Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 1-10 բալային համակարգով գնահատել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչում տարած հաղթանակը.
«Անկեղծ, հիանալի ելույթ ունեցա ու 1-10 բալային համակարգով 9 կգնահատեմ խաղս։ Միայն մեկ գեյմ եղավ, երբ երրորդ սեթում առաջ էի բրեյքով, մի քանի ոչ պարտադիր սխալներ թույլ տվեցի։ Իհարկե, ցանկալի է՝ սխալներ թույլ չտայի ու շարունակեի առաջ լինել հաշվի մեջ, բայց ես հանգստություն պահպանեցի, ևս մեկ բրեյք արեցի ու հաղթեցի։
Ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղիցս։ Սա վերաբերում է թե՛ մատուցումներին, թե՛ հարվածներին։ Ակտիվ գործողությունից հետո վաստակած շատ միավորներ ունեցա»,- նշել է աշխարհի 20-րդ ռակետը Tennis Channel-ի հետ զրույցում։
29-ամյա Խաչանովը մրցաշարի 1/8 եզրափակիչում 6-4, 6-2, 6-3 հաշվով հաղթել էր Կամիլ Մայխշակին (Լեհաստան, 109-րդ ռակետ)։ Հայ թենիսիստը կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Թեյլոր Ֆրիցի (ԱՄՆ, 5-րդ ռակետ) դեմ։