
Եվրոգավաթների որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներն ավելի մեծ հիասթափություն պատճառեցին հայ ֆուտբոլասերներին: Մեր 4 ակումբներից 3-ն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպա լիգայի մրցաշարում՝ այդպես էլ չճաշակելով հաղթանակի բերկրանքը: Կայացած խաղերի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Եվրոգավաթների 2017/18թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներում հայկական 4 ակումբներից և ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տոնել: 2 խաղ ավարտվեց ոչ-ոքի, 2-ում մեր թիմերը խոշոր հաշվով պարտվեցին: 4 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը 3 գոլ խփեցին, սեփական դարպասը 11 գնդակ բաց թողեցին:
Հիշեցնենք, որ որակավորման փուլի մեկնարկային հանդիպումներում հայկական թիմերը մեկ հաղթանակ էին տոնել, կրել էին 3 պարտություն, խփել էին 2 գնդակ, սեփական դարպասը բաց էին թողել 7 գոլ:
«Փյունիկի» դարպասը Յակուբ Մարեշի խփած առաջին գնդակը եվրոգավաթների մրցաշարերում հայկական ակումբների բաց թողած 400-րդ գոլն էր: Ընդհանուր առմամբ, եվրոգավաթների մրցաշարերում անցկացրած 214 հանդիպումներում հայկական ակումբները 409 գոլ են բաց թողել:
2. Հայկական 4 ակումբներից միայն «Ալաշկերտին» հաջողվեց հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը: Ալաշկերտցիները 3-րդ անգամ մասնակցելով եվրոգավաթների խաղարկությանը, 3-րդ տարին անընդմեջ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
Համեմատության համար նշենք, որ եվրոգավաթների նախորդ խաղարկությունում բացի «Ալաշկերտից», առաջին փուլի արգելքը հաղթահարել էր նաև «Շիրակը»՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասնելով Գորիի «Դիլայի» նկատմամբ:
Առավել հաջող մեր ակումբները հանդես են եկել եվրոգավաթների 2015/16թթ. խաղարկությունում, երբ միանգամից 3 թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակն» ու «Ալաշկերտը» հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: Ընդ որում առաջին փուլի մեկնարկային հանդիպումներում մեր 4 ակումբներից և ոչ մեկը չպարտվեց՝ տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, ինչը ևս աննախադեպ արդյունք է:
3. Եվրոգավաթների վերջին 6 խաղարկություններում «Շիրակին» երկրորդ անգամ չհաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը: Մինչ ընթացիկ խաղարկությունը, գյումրեցիներն առաջին փուլում անհաջողության էին մատնվել 2014/15թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ երկու հանդիպումներում էլ պարտվելով Կարագանդայի «Շախտյորին»՝ 1-2, 0-4:
Եվրոգավաթների վերջին 4 հանդիպումներում «Շիրակին» չի հաջողվել հաղթանակ տոնել՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիները տարել էին անցյալ տարվա Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում՝ սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնելով Գորիի «Դիլային»:
4. «Գանձասար Կապանը» եվրոգավաթներում խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր եվրոգավաթներում կապանցիների նորամուտի խաղում՝ հոլանդական «ՆԱԿ Բրեդայի» հետ 2009/10թթ. Եվրոպա լիգայի մրցաշարի արտագնա հանդիպման ժամանակ՝ 0-6:
Կապանցիները 4-րդ անգամ մրցակցին զիջեցին 2 հանդիպումներում էլ: Նախկինում դա պատահել էր «ՆԱԿ Բրեդայի» (0-6, 0-2), շվեյցարական «Սերվետի» (2012/13 թթ. ԵԼ՝ 0-2, 1-3) և ղազախական «Ակտոբեի» (2013/14թթ. ԵԼ՝ 1-2, 1-2) հետ հանդիպումներում:
«Գանձասար Կապանը» եվրոգավաթներում 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Եվրոգավաթների 4 խաղարկություններում գանձասարցիներին առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: Դա 2012/13 թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում էր, երբ երկու խաղերի ընդհանուր արդյունքով կապանցիներն առավելության հասան Ֆարերների «Ստրեյմուրի» նկատմամբ (1-3, 2-0):
5. Հայ-սլովենական երկրորդ դիմակայությունն էլ ավարտվեց մրցակցի օգտին: 2002/03թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էլ Երևանի «Զվարթնոցին» չէր հաջողվել հաղթահարել Սլովենիայի «Պրիմորիեի» արգելքը՝ 1-6, 2-0:
6. Սլովակիայի ներկայացուցիչների հետ հայկական թիմերը 4-րդ անգամ մրցեցին և կրկին անհաջողության մատնվեցին: 2000/01թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Արարատը» երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջել էր «Կոշիցեին» (2-3, 1-1): 2007/08թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում նույն բախտին էր արժանացել «Միկան»՝ չկարողանալով հաղթահարել «Արտմեդիայի» արգելքը՝ 2-1, 0-2: Անցած մրցաշրջանում էլ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակը» պայքարից դուրս մնաց Տրնավայի «Սպարտակի» հետ մրցավեճում (1-1, 0-2):
7. 4-րդ անգամ մրցելով Չեռնոգորիայի ներկայացուցչի հետ, հայկական ակումբներին 3-րդ անգամ չհաջողվեց մտնել հաջորդ փուլ: Առայժմ միայն «Շիրակին» է հաջողվել 2012/13թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում հաղթահարել «Ռուդարի» արգելքը (1-0, 1-1): Առաջին անգամ Չեռնոգորիայի պատվիրակին հաջողվեց 2 խաղերում էլ հաղթել հայկական թիմին, նաև սեփական դարպասը պահել անառիկ:
8. Ալաշկերտցի Ուրոշ Նենադովիչը «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան խաղում էլ գոլի հեղինակ դառնալով, 2 գնդակով գլխավորեց եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական թիմերի ռմբարկուների ցանկը: Նա դարձավ նաև եվրոգավաթներում ամենաարդյունավետ ալաշկերտցի լեգեոնականը:
Ուրոշ Նենադովիչը Չեմպիոնների լիգայում հայկական թիմերի խաղացողներից 2 գոլի հեղինակ դարձած 11-րդ ֆուտբոլիստն է: Այդ մրցաշարում լավագույն ռմբարկուն «Փյունիկի» նախկին հարձակվող Արման Քարամյանն է, ում հաշվին 3 գոլ է գրանցված:
9. Մուհամեդ Կաբան բացեց գոլերի հաշիվը եվրոգավաթներում՝ դառնալով այդ մրցաշարերում «Շիրակում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: Նա «Գորիցայի» դարպասը գրավեց 28 տարեկան 92 օրականում: Կաբան եվրոգավաթներում գոլի հեղինակ դարձած «Շիրակի» 6-րդ լեգեոնականն է: Գյումրեցիների կազմում այլազգի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ են գործել Ֆոֆանա Բեկոն և Ժան Ժակ Բուգուհին՝ խփելով 3-ական գնդակ: Մեկական անգամ էլ աչքի են ընկել Լամին Լի Յորոն, Դամե Դիոպը և Սերժ Դեբլեն:
10. Վահան Բիչախչյանը եվրոգավաթներում 2-րդ գոլը խփեց: Նա գոլերի հաշիվը բացել էր Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում՝ գրավելով Գորիի «Դիլայի» դարպասը: Բիչախչյանը դարձել էր եվրոգավաթներում հայկական թիմերի ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողը: Նա աչքի էր ընկել 16 տարեկան 364 օրականում:
Եվրոպա լիգայի (նախկինում՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի) մրցաշարերում Բիչախչյանը դարձավ 2 գոլ խփած 8-րդ ֆուտբոլիստը: Լավագույն արդյունքն ունի «Բանանցի» նախկին հարձակվող Արամ Հակոբյանը, ով 4 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: 3-ական գոլի հեղինակ են դարձել Արսեն Ավետիսյանը, Վիուլեն Այվազյանն ու Ժան Ժակ Բուգուհին:
Աշոտ Հայրապետյան