Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» նիգերիացի հարձակող Յուսուֆ Օտուբանջոյի՝ Բրատիսլավայի «Սլովանի» դեմ խաղում խփած գոլը ճանաչվել է լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
30-ամյա հարձակվողն աչքի էր ընկել խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման 36-րդ րոպեին, իսկ Հայաստանի 15-ակի չեմպիոնը 2-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 6 միավորով զբաղեցրել էր H խմբի երրորդ տեղն ու ավարտել ելույթները Կոնֆերենցիաների լիգայում: «Սլովանն» ու շվեյցարական «Բազելը» 11-ական միավորով կիսել էին առաջին և երկրորդ տեղերն ու դուրս եկել փլեյ-օֆֆ, իսկ Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը» 4 միավորով վերջինն էր:
Օտուբանջոն «Փյունիկի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից ու անցկացրած 22 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 4 ասիստ: