Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին է, հայտնում է Sport1.de-ն:
Մյունխենյան գրանդում վստահ են, որ 24-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ կխաղա կենտրոնական հարձակվողի դիրքում, որտեղ խնդիրներ կան լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիի հեռանալուց հետո:
Տրանսֆերային արշավում «Բավարիային» մրցակցություն կապահովեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնք վաղուց հետևում են Կոլո-Մուանիի խաղին:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Այնտրախտի» կազմում 43 խաղում խփել է 22 գոլ ու կատարել 15 ասիստ:
Մյունխենցիները նաև որոշել են անգլիական «Մանչեսթեր Սիթիից» չգնել պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերային իրավունքը: 28-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում ելույթ է ունենում վարձավճարով:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով, Գերմանիայի չեմպիոնը պատրաստ չէ վճարել Կանսելուի հրաժարագինը, որը կազմում է 70 միլիոն եվրո: