Նոյեմբերի 21-ից էկրան կբարձրանա «Նոր Տարվա կինո» գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանումները սկսվել են հունիսի 7-ից։ Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, ռեժիսորը՝ Ելենա Արշակյանը։ Ֆիլմում նկարահանվել են Լիանա Վանոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Գրետա Մեջլումյանը, Լիա Զախարյանը, Զառա Սահակյանը, Արսեն Լևոնյանը, Ռաֆ Հարությունյանը, Գրետա Մեջլումյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արթուր Կարապետյանը, Վիկտորյա Շամիրյանը, բլոգեր Աշոտ Հովհաննիսյանը և ուրիշներ։ Պրեմիերային ընդառաջ դերասանները խոսել են իրենց կերպարների և ֆիլմի մասին։
Լիանա Վանոյանը մարմնավորում է Փիրուզին, ով ժամանել է Անապայից, սիրում է ճոխ ապրելակերպ, «հարուստ» և վառ հագուստ: Սա դերասանուհու կարիերայի առաջին գեղարվեստական ֆիլմն է: «Չէի ասի Փիրուզի կերպարը շատ հեշտ է տրվել, բայց բարդ էլ չի եղել։ Ամեն ինչ շատ օրգանիկ էր։ Պարզապես ընթացքում սիրել եմ իրեն։ Իրականում ֆիլմը ճշմարտության մասին է։ Սիրահարվել եմ «կինո» հասկացողությանը նաև այս ֆիլմի շնորհիվ, որովհետև այն ինձ համար հրաշքների աշխարհ էր», - խոստովանել է Լիանան։
Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է գյումերցի Հովսեփ պապին։ Անկեղծանում է՝ սիրել է իր կերպարը։ «Եթե չհասցնես կերպարիդ հետ լեզու գտնել, կարծում եմ՝ պետք էլ չէ սկսել։ Ամենակարևորը՝ ֆիլմը ստեղծված չէ միայն փոքրերի համար։ Այն մեծահասակներին ևս ասելիք ունի։ Մեծերը պետք է դիտեն ֆիլմը, հասկանան ուղերձները և ֆիլմի ասելիքը փոխանցեն երեխաներին», - նշել է դերասանը։
Գրետա Մեջլումյանը սկզբում կարծել է՝ տատիկի է մարմնավորելու, սակայն Ելենա Արշակյանը դերասանուհուն անակնկալի է բերել՝ վստահելով էքստրավագանտ և հումորային դեր։ Դերասանուհին սկզբում մտածել է՝ չի կարող, սակայն ռեժիսորի պնդմամբ փորձել է և համոզվել, որ ստացվում է։ «Առաջին օրը Դիլիջանում էինք նկարահանման։ Վառ կարմիր շրթներկով դիմահարդարումն ու վարսահարդարումն արեցին, վարդը դրեցին մազերիս, կարմիր կրունկներով կոշիկները հագա ու այդպես նկարահանվեցի։ Նկարահանումը վերջացավ գիշերը 04։00-ին։ Քայլում եմ և լսում պատի տակ խմած 2 մարդու խոսակցություն։ Մեկը մյուսին ասում է՝ եկավ սա։ Անմիջապես կանգնեցի, 360 աստիճան պտտվեցի ու արագ հետ գնացի։ Ճանապարհին տեսնեմ 3 գամփռ ինձ են նայում, գռմռում են, պոչերն են թափահարում։ Սառել կանգնել էի, չգիտեի՝ ինչ անել», - վերհիշել է Գրետա Մեջլումյանը։
Արսեն Լևոնյանն առաջին անգամ է նկարահանվել կատակերգական ժանրում և գերագույն հաճույք ստացել։ Դերասանի խոսքով՝ ֆիլմը բարության մասին է։ Այն սովորեցնում է գնալ երազանքների հետևից։
Ֆիլմի հերոսներից Վիկտորյա Շամիրյանն էլ սկզբում վախեցել է պատասխանատվությունից, բայց հետո ամեն ինչ կարգավորվել է։ «Սիրել եմ ֆիլմի բոլոր կերպարները։ Չեմ կարող որևէ մեկն առանձնացնել», - նշել է փոքրիկ դերասանուհին։
Ըստ ֆիլմի հեղինակների՝ այն երազելու և երազանքներին հավատալու մասին է: Ելենայի խոսքվո՝ նկարահանումներն իրականացվել են Հայաստանի մի քանի մարզում՝ Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք: Ֆիլմում ներկայացրել են այս և այլ մարզերի կոլորիտը, բարբառն ու հումորը: Հատկանշական է, որ ֆիլմում ընդգրկված դերասանները ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը: Կինոնկարը համեմված է նաև սիմֆոնիկ երաժշտությամբ: Ֆիլմի երաժշտության հեղինակը Շահին Դանեշվարինն է։ Իրանցի կոմպոզիտորը նոտագրել է ամբողջ ստեղծագործությունը՝ սյուժեին համապատասխան: