Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հրաժարվել է Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշին թիմ հրավիրելու մտքից, հաղորդում է Football Espana-ն:
23-ամյա ֆուտբոլիստը չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերի մեջ և այս ամառ պետք է հեռանա: Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն բարձր տրանսֆերային արժեքի պատճառով չի պայքարի նրա տեղափոխության համար:
Ֆելիշի ծառայություններով հետաքրքրված միակ ակումբն անգլիական «Ասթոն Վիլան» է, որն ի վիճակի չէ 40 միլիոն եվրոյից ավելի վճարել պորտուգալացու տրանսֆերի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիշը կարող է վերադառնալ Լիսաբոնի «Բենֆիկա», որտեղ խաղացել է 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 3-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Ժոաու Ֆելիշը վարձավճարով անցկացրել էր Լոնդոնի «Չելսիում»՝ 20 խաղում խփելով 4 գոլ: