Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը չի շարունակի ելույթները Լոնդոնի «Չելսիի» կազմում ու կվերադառնա Իսպանիա, հայտնել է մադրիդյան ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն:
«Նման պայմաններում Ֆելիշը չի մնա «Չելսիում» գալիք մրցաշրջանում: 24 ժամ առաջ մեզ հայտնեցին, որ Պոչետինոն հույսեր չի կապում Ժոաուի հետ: Նա կվերադառնա «Աթլետիկո», ու կտեսնենք՝ ինչ կստացվի ապագայում: Այս պահին ոչինչ չենք ծրագրել».- Սերեսոյի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ նախօրեին «Չելսին» գլխավորել էր արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն:
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողը լոնդոնյան ակումբում վարձավճարով ելույթ է ունենում 2023 թվականի հունվարից: Անգլիայի ավարտված առաջնությունում 23-ամյա Ֆելիշը 16 խաղում խփել է 4 գոլ:




