Գերմանիայում ցանկանում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հեռացնեն հավաքականից, հայտնում է Goal-ը։
ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում, գերմանացի պաշտպանի` «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում (2-3) դրսևորած վարքագիծը որակել է «խայտառակություն»։
«Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի` նման խաղացողը կարո՞ղ ներկայացնել մեր երկիրը, թե՞ ոչ»,- ասել է Կինհոֆերը։
Կինհոֆերի հետ համակարծիք են նաև գերմանական Bild պարբերականի ընթերցողները։ Պարբերականի հարցմանը մասնակցած 18 հազար մարդկանցից 78 տոկոսի կարծիքով 32-ամյա պաշտպանը պետք է հեռացվի «Բունդեսմանշաֆթից», 2 տոկոսը դեռ չի կողմնորոշվել` ինչպես է պետք վարվել, իսկ 20 տոկոսը պնդում է, որ Ռյուդիգերը պետք է շարունակի հրավիրվել Գերմանիայի հավաքական։
Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի լրացուցիչ ժամանակի վերջնամասում երկու անգամ փորձել է սառցե փաթեթ նետել մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի ուղղությամբ, խաղընկերները միջամտել են և մեծ դժվարությամբ կանխել: Գերմանացին զայրացել է, երբ մրցավարը «Ռեալի» վերջին գրոհի ժամանակ Կիլիան Մբապեի կողմից կանոնների խախտում է տեսել Էրիկ Գարսիայի հետ պայքարում: Ռյուդիգերն այդ ժամանակ փոխարինված է եղել: Նա իր ծնկին դրված սառույցով փաթեթից մի քանի սառույց է նետել մրցավարի ուղղությամբ, իսկ հետո երկու անգամ փորձել է ամբողջ փաթեթը նետել խաղադաշտ: Այժմ պաշտպանին 4-12 խաղով որակազրկում է սպառնում։