Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներն ընկերական հանդիպում են անցկացրել Կատարում ընթացող աշխարհի առաջնության կազմակերպման մեջ ներգրավված աշխատողների դեմ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Խաղը կայացել է դեկտեմբերի 13-ին Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում: Հանդիպմանը մասնակցել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Մարկո Մատերացին, Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն, Յուրի Ջորկաեֆը, Ջոն Թերին և Ալեսանդրո դել Պիերոն։
«ՖԻՖԱ-ի համար հիանալի գաղափար է հարգանքի տուրք մատուցել որոշ աշխատողների, որոնք այդքան ջանք են գործադրել ֆանտաստիկ մարզադաշտեր կառուցելու համար: Նրանց համար պարզապես հիանալի է գալ և խաղալ մեզ հետ, բայց մեզ համար նաև հուզիչ է նրանց հետ խաղադաշտում լինելը»,- ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին: