
Այսօր՝ ապրիլի 12-ին, 19:00-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա MAYRO թիմի «Թավշյա հեղափոխություն» կողմիքս գրքի առաջին մասի շնորհանդեսը:
Գիրքը պատմում է 2018թ.-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած դեպքերը՝ ավելի ընկալելի, բոլորին հասանելի տարբերակով՝ նկարների՝ կոմիքսների մասին: Նկարագրություններն ու իրադարձությունները, որոնք տեղ են գտել գրքում ներկայացնում են պատմությունը մաքսիմալ ճշգրիտ ու առանց հեղինակային միջամտությունների։ Դրվագների համար հիմք են հանդիսացել հեռարձակվող ուղիղ եթերներն ու գործող կերպարների հետ անցկացված հարցազրույցները։
Գիրքը բաղկացած է 5 մասից, որից յուրաքանչյուրն իրեն յուրահատուկ ոճով պատմում է իրադարձություններն ըստ ժամանակահատվածի։ Առաջին մասը ներկայացնում է շարժման ու բողոքի ցույցերի նախապատրաստումը, դրանց սկզբնական ընթացքն ու զարգացումը։ Այս մասում ըստ ժամանակագրության պատմվում է քայլարշավի կազմակերպումն ու ընթացքը, Երևանյան ցույցերը, ակտիվիստների կազմակերպած բազմաթիվ ակցիաներն ու երթերը։ Այն ավարտվում է հեղափոխության հռչակման նախօրեին կատարվող իրադարձություններով և ամբողջությամբ պատմում է ցուցարարների ու ակտիվիստների մասին՝ նրանց դարձնելով գլխավոր կերպարներ։
Սա պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման, հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ խաղաղության ու ժողովրդի կամքի հաղթանակի մասին։
Կոմիքս գիրքը կլինի եռալեզու՝ ռուսերեն, անգլերեն ու իհարկե հայերեն: Այն առաջին երեք օրը կարող եք ձեռք բերել Զանգակ գրատնից, այնուհետև՝ այլ գրախանութներից:
MAYRO թիմի հետ մեր հարցազրույցն ու կոմիքս գրքի մասին ավելին կարող եք տեսնել այստեղ: