Երևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Վրաստանի հասակակիցների թիմին. հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։
Տիրան Ղազարյանի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Խաչատուր Գևորգյանն ու Սամվել Բեգլարյանը։
Գևորգյանի գոլի դրվագից առաջ վրացիները 11-մետրանոց էին իրացնում։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Սարգիս Պէրպէրյանը հետ մղեց մրցակցի հարվածը, ու վայրկյաններ անց արագ հակագրոհի արդյունքում Գևորգյանը գրավեց մրցակցի դարպասը։
11-մետրանոցների ժամանակ Պէրպէրյանը ևս մեկ սեյվ կատարեց, իսկ հայ ֆուտբոլիստները բոլոր 5 դեպքերում գոլ խփեցին։
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանին։