Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սեպտեմբերի 29-ին պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խակին Կապառոսի հետ համագործակցության ավարտի մասին: Իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետը սպառվում էր նոյեմբերի վերջին և որոշվել է չերկարաձգել այն: Կապառոսը վերջին ամիսներին խիստ քննադատության էր ենթարկվում մամուլում և սոցիալական ցանցերում: Առաջին պատճառը թիմի վատ արդյունքներն էին, սակայն մարզիչին քննադատում էին նաև լրագրողների հարցերին հստակ չպատասխանելու համար:
VNews-ն ուսումնասիրել է Կապառոսի բոլոր հարցազրույցներն ու ասուլիսները Հայաստանի հավաքականի ղեկին և առանձնացրել նրա ամենահետաքրքիր մտքերը: Եթե իսպանացին երբեմն նույնիսկ հստակ պատասխան չէր տալիս հարցերին, միևնույն է՝ այս 2,5 տարում նա բավականաչափ ուշագրավ մտքեր է հայտնել:
2020 թվական
Սկզբնական շրջանում մարզիչը շատ էր գովում Հայաստանը, ՀՖՖ-ին, հավաքականի միասնականությունը և խոսում էր թիմային հոգեբանության մասին.
-
«Ինձ զարմացրեց Երևանը: Ուրախության քաղաք է: Շատ ապահով, փողոցներում շատ մարդկանցով: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլին, կան լավ ակադեմիաներ և պայմաններ»։
-
«Շատ կարևոր է լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում»:
-
«Զուտ մարդկային գործոնով մեզ որևէ մեկը չի կարող գերազանցել: Մտադիր ենք ֆուտբոլիստներին ասել, որ նրանց շատ ենք վստահում: Կարծում եմ՝ նրանք էլ մեր փորձի ու ցանկության կարիքն ունեն»:
-
«Գերազանց մթնոլորտը մեր թիմի ուժեղ կողմերից մեկն է։ Մենք գիտակցում ենք, որ կան հավաքականներ, որոնք կարգով մեզնից բարձր են, սակայն տրամադրվածության առումով մեզ ոչ ոք չի կարող հաղթել»։
-
«Այն, որ Հայաստանի հավաքականն ավելի լավ է խաղում իրենից ուժեղ թիմերի դեմ, պայմանավորված է մենթալիտետով: Մենք պետք է սերմանենք այն գիտակցությունը, որ չկան ուժեղ կամ թույլ մրցակիցներ, և որ բոլոր խաղերը, նույնիսկ՝ ընկերականները, շատ կարևոր են: Յուրաքանչյուր մրցավեճի պետք է վերաբերվել որպես եզրափակչի»:
-
«Հայկական ֆուտբոլի համար անչափ լավ կլինի, եթե բոլոր մարզիչները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան, միմյանց հետ փոխանակվեն կարծիքներով ու տեսակետներով, դրանից կշահի միայն ընդհանուր գործը»։
-
«Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որը բաղկացած է սխալներից և հաջող գործողություններից: Պետք չէ մեղավորներ փնտրել, այլ պետք է շարունակել վստահել ֆուտբոլիստներին»:
-
«Կա մի բան, որը շատ կարևոր է․ դա ամբողջ թիմի ու ամբողջ անձնակազմի գործադրած ջանքերն են։ Ունենք ֆուտբոլիստներ, որոնք երկար ժամանակ չեն խաղում իրենց թիմերում, բայց, երբ հագնում են ազգային հավաքականի շապիկը, կատարում են մեծ աշխատանք»։
-
«Հավաքականում խաղալն ու ակումբում խաղալը նույնը չէ, քանի որ որ այստեղ հաղթում է մի ամբողջ երկիր․ այսօր հաղթեց Հայաստանը»։
Ֆուտբոլիստների մասին
- «Մխիթարյանի ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Հենրիխը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում»։
- «Ցանկացած թիմ պետք է առաջատար ունենա և մեր առաջատարը Հենոն է, նա այն ֆուտբոլիստն է, որ միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է իր թիմակիցներին»։
- «Խորեն Բայրամյանը լավ ֆուտբոլիստ է ու ամեն անգամ ավելի ու ավելի լավ է խաղում»։
- «Ադամյանը շատ որակյալ խաղացող է, և ես ուրախ եմ, որ նա մեր հավաքականի ճամբարում է»:
- «Եթե նախկինում անհանգստացած էինք ձախ եզրի համար, հիմա այնտեղ կա Սերոբ Գրիգորյան, որը շատ հուսալի է գործում»։
- «Ես շատ ուրախ եմ և երջանիկ, որ գլխավորել եմ Հայաստանի հավաքականը: Մենք, իհարկե, նոր ֆուտբոլիստներ պետք է հրավիրենք և սերնդափոխության գնանք: Նորեկները շատ են և ես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա»:
Տակտիկա և խաղային փիլիսոփայություն
- «Պետք է հստակ հասկանալ, թե ինչ է պետք անել, երբ գնդակը քեզ մոտ է, և ինչ անել առանց գնդակի»:
- «Մենք ունենք մեր ձեռագիրը, և մեր մրցակիցները մեզ պետք է ճանաչեն հենց մեր ցուցադրած խաղային ոճով։ Միևնույն ժամանակ՝ ամեն խաղ նոր պատմություն է, և այստեղ էլ կարող են լինել տարբերություններ»։
- «Հայաստանի առաջնության բազմաթիվ խաղեր ենք դիտել ու վերլուծել: Վստահ ենք՝ դա մեզ օգուտ կտա»:
- «Պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը: Սա ժամանակ է պահանջում»:
- «Մենք չենք կարող հարմարվել մրցակցին, պետք է ունենանք մեր սեփական անհատականությունը և մրցակիցները պետք է իմանան, որ մեր թիմի ամենաուժեղ կողմն այն է, որ խաղում ենք թիմային ֆուտբոլ»:
- «Ունենք մեր խաղաոճը, որը պիտի պահպանենք ու զարգացնենք։ Կանչում ենք նոր երիտասարդ ֆուտբոլիստների, ինչն օգնում է մրցակցություն ստեղծել։ Քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, վստահ եմ՝ այս ֆուտբոլիստների թիվն ավելանալու է»։
2021 թվական
Նախորդ տարվա սկզբում Հայաստանի հավաքականն ԱԱ-2022-ի որակավորման փուլում մեկնարկեց 3 անընդմեջ հաղթականով: Դրանից հետո Կապառոսն անմիջապես վերածվեց հայկական ֆուտբոլի կուռքի: Մարդիկ մեծարում էին իսպանացուն: Ճիշտ է հետո եղան անհաջողություններ և Հայաստանի հավաքականը չկարողացավ Մունդիալի ուղեգիր նվաճել: Ահա, թե ինչ էր իսպանացին ասում այդ տարվա ընթացքում.
Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը
- «Մենք շատ էմոցիոնալ պահեր ենք ապրել, լաց ենք եղել ․․․ մենք շատ ուժեղ կոլեկտիվ ենք՝ մեր թերություններով հանդերձ, քանի որ գիտենք՝ ֆուտբոլը Հայաստանում, բացի խաղ լինելուց, ունի նաև հոգեբանական, էմոցիոնալ և հայրենասիրական ուժ։ Ֆուտբոլիստները կարողանում են իրենց ազգին ժպիտ պարգևել»։
- «Երբ հավաքականի մարզաշապիկով ես, ընկերական խաղ գոյություն չունի, քանի որ թիկունքում ամբողջ երկիրն է և պետք է նվաճել մարզասերի վստահությունը։ Այս առումով մենք պետք է միայն ավելի ուժեղացնենք մեր խաղային գաղափարները»։
- «Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարատժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել»։
- «Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ»։
- «Խոստովանեմ՝ ի սկզբանե կարծում էի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Հայաստանում կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը»։
- «Ես միշտ ասում եմ, որ գոլը չի խփում այն ֆուտբոլիստը, որը վերջին հարվածն է կատարում։ Գոլը մեծ աշխատանքի պտուղ է։ Այն խփվում է նրա շնորհիվ, ով կազմակերպում է թիմի մեկնումը, ժամանումը, ինչպես նաև ֆիզիոթերապևտների, խոհանոցի աշխատակիցների ընդհանուր աշխատանքի արդյունքում։ Հենց այստեղից էլ սկսվում է գոլի հասունացումը»:
- «Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում: Սրտանց եմ ասում այս խոսքերը»։
- «Շատ դժվարությամբ եմ սովորել օրհներգի բառերը, բայց շատ կարևոր էր, որ կարողանայինք ինտեգրվել հայ հասարակությանը, այն հասարակությանը, որը մեզ գրկաբաց ընդունեց։ Մեզ գրկաբաց ընդունեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ, մեզ հետ հույսեր կապեցին, ես էլ իմ կողմից ցանկացա սովորել Հայաստանի օրհներգը»։
- «Մեզ այստեղ սիրաշահել են, արդեն սիրում եմ ձեր երկիրը: Բառերով այդ ամենն ասելը հեշտ է, բայց մեր գործողություններով ենք ցույց տալիս, որ ձեզնից մեկն ենք: Ես ու իմ մարզչական շտաբի անդամները դարձել ենք Հայաստանի դեսպանները։ Իսպանիայում Հայաստանի մասին շատ են խոսում»:
Ֆուտբոլիստների և թիմի մասին
- (Այն մասին, որ Մխիթարյանը նամակ է գրել Թրամփին, Պուտինին և Մակրոնին ՝ խնդրելով նրանց դադարեցնել պատերազմը).
- «Ես անձամբ շնորհավորեցի Հենրիխին, որ նա դա արեց, երբ հավաքականի կազմում էր: Այն ամենը, ինչ նա ասում կամ անում է, հսկայական ազդեցություն ունի»:
- «Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապես։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնահատկությունները և մեր պահանջները։ Բացի այդ, այս թիմային մենթալիտետով և ֆուտբոլիստների վստահությամբ աշխատանքի նկատմամբ մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրող և ագրեսիվ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպես նաև պետք է գործենք բարձր արագություններով, օգտագործենք ազատ գոտիներն ու դավանենք ուղղահայաց ֆուտբոլ»։
- «Առաջատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Ոմանք կարող են ավելի լռակյաց և ինտրովերտ լինել, բայց դաշում իրենց տաղանդի, կարողությունների և վարքագծի շնորհիվ շահում են թիմակիցների և մարզչական շտաբի վստահությունը։ Եվ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ ավելի բաց են, ավելի էքստրավերտ և կենսուրախ։ Բայց կոլեկտիվում պետք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացվի այս ամենին, չեն կարող հրավիրվել հավաքական։ Այլապես դա կնշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետև իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում»։
- «Խաղային պրակտիկայի պակասի գործոնը չի կարող բացասական անդրադառնալ թիմի խաղի վրա»։
- «Որքան լավ խաղա հավաքականը, այդքան ավելի հեշտ կլինի ֆուտբոլիստների ճանապարհը դեպի Լա լիգա»:
- «Մենք ունենք 3 դարպասապահ, որոնք շատ բարձր որակներ ունեն, պարզապես Յուրչենկոն պետք է իր տեղը զբաղեցնի թիմի կազմում»։
- «Մենք չենք կարող մեկ ամսվա ընթացքում աստվածացնել ու ասել, որ Յուչենկոն թոփ դարպասապահ է, իսկ այժմ պահանջել, որ նրան փոխարինի մեկ այլ դարպասապահ։ Ծրագրերը միշտ իրականցվում են հանգիստ, համբերատար և առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու»:
- «Ֆուտբոլիստներն առաջինն են, որ մոտիվացնում են իրենց, որովհետև առաջինն իրենք են զգում պարտության դառնությունը»:
Մարզչական աշխատանքի մասին
- «Ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, ու երբեք որևէ մեկը չի կարողացել ազդել ինձ վրա կազմն ընտրելու հարցում։ Այն օրը, երբ կկարողանան նման բան անել ինձ հետ, ես կվերադառնամ տուն և այլևս չեմ մարզի»։
- «Պետք է բարելավենք մեր խաղը ստանդարտներն իրացնելիս: Մեր տղաները շատ բարձրահասակ չեն, այդ պատճառով պետք է աշխատենք այս ուղղությամբ ու հասկանանք, թե ինչպես է պետք հսկել մրցակցին»:
- «Գիտեք ինչ, հանդիպումից հետո հեշտ է խոսել և ասել, որ միգուցե կարելի էր այլ կազմ ընտրել։ Ինչ մնում է մեր նոր ֆուտբոլիստներին, ապա չի կարելի ասել, որ նրանք շատ մեծ մեղք ունեին այս ամենում։ Մրցակիցը լավ խաղաց, իսկ մենք՝ ոչ»։
- (Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0:5). «Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Մենք շատ մեծ հույսերով և խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ցանկանալով ուրախություն պարգևել մեր մարզասերներին, սակայն խաղը լավ չստացվեց»։
- «Կա մի խոսք, որը չեմ հանդիպել Հայաստանում: Այն կոչվում է նախագիծ: Պետք է հավատալ մարդկանց, որոնք ներգրաված են աշխատանքում, որպեսզի կյանքի կոչվի նախագիծը: Եթե կենտրոնանաս միայն այս կամ հաջորդ շաբաթվա խաղերի արդյունքների վրա, չես կարող երկարաժամկետ նախագծերի ներքո աշխատել և հաջողության հասնել»:
2022 թվական
Հայաստանի հավաքականում աշխատանքի վերջին տարում Կապառոսի նկատմամբ քննադատությունը գագաթնակետին հասավ: Նա էլ հետզհետե սկսեց ավելի քիչ խոսել միասնականության և լավ մթնոլորտի մասին: Փոխարենը, իսպանացին ավելի շատ էր նշում, որ ավելի որակյալ խաղացողների կարիք ունի։
Մրցակցության մասին
- «Պետք է ադապտացվեն այսքան բարձր մակարդակի հանդիպումներին և պահանջներին: Դա մեզ համար շատ նպաստավոր է, քանի որ բացի նրանից, որ երիտասարդներին ենք ընդգրկում հավաքականում, նաև ավելի փորձառուները սրանից հետո ավելի զգոն կլինեն»:
- «Մենք ցանկանում ենք բոլորին տեսնել դժվարին խաղերում, քանի որ հունիսին ունենք 4 հանդիպում, և բոլոր տղաները պետք է այսպիսի փորձ ունենան, քանի որ մենք ցանկանում ենք հնարավորինս լավ մրցակցել»:
- «Մենք ձգտում ենք նրան, որ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ունենանք մեր տրամադրության տակ, որպեսզի մրցակցություն լինի։ Ես արդեն նշել եմ, որ ֆուտբոլիստի տարիքը նշանակություն չունի: Էական չէ՝ նա 17, 18, թե 19 տարեկան է»։
- «Եվ ես պնդում եմ, որ մենք պետք է ֆուտբոլիստների լայն անվանացուցակ ունենանք, եթե ցանկանում ենք աճել որպես հավաքական։ Այս բոլոր երիտասարդների հետ լավ աշխատանք է տարվում, և հույս ունենք, որ այս տղաները շանս կունենան իրենց արդարացնելու և կօգտվեն այդ շանսից»։
- «Երբ Ազգերի լիգայի C լիգայից բարձրացանք B, ֆուտբոլիստները մեծ վստահւթյուն ձեռք բերեցին իրենց ուժերի նկատմամբ և նրանք արժանի էին դրան։ Այս մրցաշարի ձևաչափը հիմար մարդիկ չեն հորինել ու մենք պատկերացնում ենք հետագա դժվարությունները»։
- «Ի սկզբանե դժվար է ծրագրել, թե ինչպես պետք է խաղաս՝ հարձակողական, թե պաշտպանողական ֆուտբոլ։ Խաղն ինքը կհուշի»։
Ֆիզպատրաստության գործոնը
- «Ֆուտբոլում հաղթում է մենապայքարներում ավելի ուժեղ գտնվող թիմը»։
- «Իհարկե, շատ առումներով դեռ պետք է բարելավենք մեր խաղը, շատ հավաքականներ կան, որ մեզ հաղթում են ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից ու ֆուտբոլիստների քանակով, բայց կարող ենք գոհ լինել նաև այն աշխատանքից, որը կատարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան»։
Ֆուտբոլիստների մասին
- «Բնականաբար, Հենոն հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է, ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը»:
- «Մխիթարյանն իր տունն ունի ի դեմս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի»:
- «Սարգիս Ադամյանը այն տղան է, որին բոլորս սիրում և գնահատում ենք: Բայց, եթե ուզում եք կոնկրետ պատասխան ստանալ ձեր հարցին, ապա նրա բացակայության պատճառը հենց ինքն է: Զանգեք նրան և հարցրեք՝ ինչու այստեղ չէ»:
- «Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որն անընդհատ առաջադիմում է: Էդուարդը շատ լավ առաջընթաց է գրանցում ակումբում: Հոգեբանորեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է և այժմ արդեն պատրաստ է, որ խաղա Եվրոպայում»:
Անհաջողությունների մասին
- (Նորվեգիա – Հայաստան՝ 9:0). «Առաջին հերթին ես՝ որպես գլխավոր պատասխանատու, պետք է երկրպագուներից ներողություն խնդրեմ: Չէինք մրցակցում, բոլոր մենապայքարներում Նորվեգիան հաղթող դուրս եկավ: Էրլինգ Հոլանդի պես ֆուտբոլիստի չեզոքացնելու համար պետք է թիմային խաղ ցուցադրել»:
- (0:9 հաշվով պարտությունից հետո հրաժարական չտալու մասին). «Գոյություն ունի պայմանագիր, որը պետք է հարգել։ Իմ երկրում մարդիկ սովորություն ունեն պայմանագիրը հարգելու, չգիտեմ՝ այստեղ ինչպես է»։
- «Ընդհանուր առմամբ՝ շատ հեշտ է ամփոփել այս հանդիպումը. Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից։ Մեզ չհերիքեց մեր ուժերի նկատմամբ վստահությունը, երբ գնդակը մեզ մոտ էր»։
- «Որևէ մեկը չի կարող պարտվելիս գոհ լինել, բայց մենք չպետք է կանգ առնենք նման վերլուծության վրա: Ես այն մարզիչներից չեմ, որն անընդհատ արդարացումներ է փնտրում: Կարիերայիս ընթացքում երբեք նման բան չեմ արել, սակայն ունենք այն միավորները, որոնք ունենք»: