Նիդերլանդների Էրեդիվիզիի «Հերակլես» - «Ֆեյենորդ» հանդիպումը սկսվել է ուշացումով. դարպասներից մեկը սովորականից ցածր է եղել, հաղորդում է AD-ը:
Խախտման մասին հայտնել է «Ֆեյենորդի» դարպասապահ Թիմոն Վելենրոյթերը, որը մարզման ժամանակ նկատել է, որ հեշտությամբ է կարողանում դիպչել հորիզոնական դարպասաձողին:
Տեխնիկական անձնակազմը չափիչ ժապավենով դուրս է եկել խաղադաշտ և հաստատել, որ դարպասը ցածր է, ինչից հետո ուղղահայաց դարպասաձողը մի քանի սանտիմետրով դուրս են հանել գետնից:
«Բարձրությունը պետք է լինի 2,44 մետր, հիմա 5 սանտիմետրով ցածր է»,- ESPN-ին ասել է մրցավար Ալարդ Լինդհուտը:
«Վելենրոյթերը մարզվում էր և նշեց, որ դարպասի մի հատվածում ձողը ճիշտ բարձրության վրա չէ: Այժմ տեխնիկներն աշխատում են»,- ավելացրել է մրցավարը:
Կարճ ժամանակ անց հանդիպումը մեկնարկել է: Այս պահին հայտնի չէ, թե ինչն է եղել խախտման պատճառը: