Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ որոշել է չեզոք խաղադաշտեր տեղափոխել Ռուսաստանի հավաքականի տնային հանդիպումները՝ տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Ընդ որում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկով՝ թիմը պետք է ներկայանա «Ռուսաստանի ֆուտբոլային միության հավաքական» անվանումով և հանդես գա առանց օրհներգի և դրոշի։
«Նախ և առաջ ՖԻՖԱ-ն ցանկանում է կրկին հայտարարել Ուկրաինա ներխուժելու ընթացքում Ռուսաստանի կողմից ուժի գործադրումը դատապարտելու մասին։ Բռնությունը երբեք չի կարող լուծում լինել։ Ինչ վերաբերում է աշխարհի 2022 թվականի առաջնության առաջիկա ընտրական խաղերին, ապա ՖԻՖԱ-ն ի գիտություն է ընդունել Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիաների դիրքորոշումը, որը նրանք արտահայտել են սոցիալական ցանցերում, և արդեն իսկ երկխոսություն է սկսել նշված կազմակերպությունների հետ։ ՖԻՖԱ-ն շարունակելու է սերտ շփումները, որպեսզի համատեղ ընտրի անհրաժեշտ և ընդունելի որոշումներ»,- մասնավորապես նշված է ՖԻՖԱ-ի տարածած հայտարարությունում։
Ավելի վաղ Ռուսաստանում միջազգային հանդիպումների անցկացումն արգելող որոշում էր կայացրել ՈՒԵՖԱ-ն։