Այսօր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան և բեմադրիչ Հրաչյա Հարությունյանի տարեդարձն է։ Հարցազրույցների ժամանակ բազմիցս է նշել, որ տարեդարձի օրվան այդքան էլ կարևորություն չի տալիս, առանձնահատուկ չի պատրաստվում և տարիքին էլ առանձնապես շատ լուրջ չի վերաբերվում:
Նա ծնվել է Երևանում, 1961 թվականի փետրվարի 14-ին։ Տարիներ առաջ հանճարեղ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի կերպարից ոգեշնչված՝ Հրաչյա Հարությունյանն էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում սովորելու ընդունվեց, ինչից էլ սկսվեց արտիստի մեծ բեմեր նվաճելու ճանապարհը: Նա հաճախ է ասել,որ հանճարեղ Ենգիբարյանն իր ստեղծագործական ընթացքում միշտ ուղեկցում է նրան. վստահ է՝ Ենգիբարյանի արվեստը հետապնդում և օգնում է նրան միշտ: 1984 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1978 թվականից էլ աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և բեմադրիչ։
«Փորձով կիսվելն ու երիտասարդ դերասանների հետ աշխատելն արտիստի յուրաքանչյուր օրվա խնդիրն է», -վստահեցում է Հրաչյա Հարությունյանը:
Հեռուստաթատրոնում, ֆիլմերում, թատրոնում տասնյակ դերեր է մարմնավորել. «Տարիների ընթացքում ես հասկացա, որ դերասանի մասնագիտությունը երևի միակ մասնագիտությունն է, որը թույլ է տալիս մարդուն օրվա մեջ գոնե մի քանի ժամ չխաղալ. դա բեմում գտնվելու ժամերն են: Տպավորություն է, որ մեր գործը խաղալն է, բայց իրականում հակառակն է: Ինձ համար ամենակարևորն է, որ բեմից իմ ասելիքը հասնի հանդիսատեսին և նրանք ինձ հետ սկսեն մտածել»: