Հունգարիայի հավաքականի հարձակվող Բարնաբաշ Վարգան վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին հայտնել է 29-ամյա ֆուտբոլիստի հայրը՝ Անդրաշ Վարգան:
«Վիրահատությունը տեղի է ունեցել: Ես ու կինս սպասում ենք նորությունների։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ նա կանցկացնի Շտուտգարտի հիվանդանոցում։ Ամբողջ ընտանիքով, հեռուստացույց դիտելով, դժվար ժամանակներ ենք ապրել, բայց հիմա մենք մեզ ավելի հանգիստ ենք զգում»,- Անդրաշ Վարգայի խոսքը մեջբերում է Nemzeti Sport-ը:
Հիշեցնենք, որ հունգարական «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել Շոտլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում (1-0)։
Վարգան դրվագներից մեկում բախվել էր շոտլանդացիների դարպասապահ Անգուս Գանին և ուշագնաց եղել։ Հանդիպումը դադարեցվել էր 10 րոպեով։ Բուժանձնակազմը Վարգային պատգարակի վրա հեռացրել էր խաղադաշտից և անմիջապես հոսպիտալացրել։
Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները Շոտնլանդիայի դեմ խաղում հաղթական գոլը խփել էին ավելացված 10-րդ րոպեին ու այն նվիրել Վարգային։
Ավելի վաղ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր, որ Բարնաբաշ Վարգան բախման հետևանքով մի շարք կոտրվածքներ ունի։ Բացի այդ, նա ուղեղի ցնցում է ստացել։