Logo

Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշումը

18:03 / 16.05.2024Այլ մարզաձևեր
null

ՀՀ կառավարությունն հերթական նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հաղորդում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու որակական բարեփոխումը: ՀՀ կառավարությունը 2018 թվականի համեմատ մի քանի անգամ մեծացրել է սպորտին ուղղվող պետական միջոցները, սպորտի զարգացման նպատակով մեծ ինտենսիվությամբ կառուցվում են նոր մարզակառույցներ Երևանում և ՀՀ մարզերում: Կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է:

«Ընկերությունը կիրականացնի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր, կհանդիսանա այն միասնական մասնագիտացված կենտրոնը, որը կիրականացնի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցների կառավարման գործառույթը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ Մանանդյան 41 հասցեում տեղակայված նախկին «Միկա» մարզահամալիրը (2,89 հա հողամաս - 3658,9 քմ պետական գրանցում ստացած և 5421,5 քմ ինքնակամ շինություններ՝ մարզադաշտ և կից սպորտային համալիր 2 մարզադահլիճներով, վարչական մաս), ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում կառուցված Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը և 0.12 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի նորաստեղծ Սպորտի կառավարման կենտրոնին:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ կենտրոնի ստեղծմամբ հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով, անցկացնել սպորտային միջոցառումներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաև պահպանել գույքը, ձեռք բերել նորը և ներդրումներ կատարել։

Սպորտի կառավարման կենտրոնին կհանձնվեն յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թվականների ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, ինչպես նաև նախկին «Միկա» մարզահամալիրը, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կառուցված Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ: Ընկերության կազմում կընդգրկվեն նաև կառուցվող և կառուցվելիք այլ մարզահամալիրներ:

Կստեղծվի կառավարման 5-հոգանոց խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, սպորտի ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, մեկական ներկայացուցիչ Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի նորաստեղծ կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կենտրոնի արդյունավետ աշխատանքի ապահովումն ու անդրադարձել նաև պետություն-մասնավոր հատված գործընկերությանը:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ սպորտի ռազմավարությամբ ամրագրված է մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր ձևաչափի ներդրումը, այդ թվում՝ կառավարման ոլորտում:

«Այս ուղղությամբ զուգահեռաբար աշխատում ենք: Մասնավոր ոլորտի կողմից արդեն իսկ բավական մեծ հետաքրքրություն կա, մասնավորապես, մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման ուղղությամբ: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերությունները, որոնք արդեն իսկ կառուցել և շահագործման են հանձնել տարբեր մարզահամալիրներ, պատրաստակամ են նաև համաֆինանսավորման եղանակով մասնակցել բուն կառուցմանը, և հետո ամբողջությամբ ներգրավվել կառավարման գործընթացում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ ընտրվել է փակ բաժնետիրական ընկերության ձևաչափը՝ ճկունության և մասնավոր ոլորտի հետ համատեղ ծրագրերի և կառավարման առումով:

Կարևորվել է նաև Սպորտի կառավարման կենտրոնի աշխատակազմի համար որակական շատ բարձր պահանջների սահմանումը:

Սպորտի կառավարման կենտրոնի խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը, համաձայն որի՝ առաջնահերթություն կտրվի ենթակառուցվածքների օգտագործմանը մարզական միջոցառումների անցկացման համար՝ շեշտը դնելով պետության կողմից կամ պետության ֆինանսավորմամբ կազմակերպվող միջոցառումների վրա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա