Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Խուան Կաբալը Կոլումբիայի ազգային հավաքականի ճամբարում ծանր վնասվածք է ստացել:
Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ ըստ նախնական հետազոտությունների` ֆուտբոլիստը խաչաձև կապանների պատռվածք է ստացել:
«Յուվենտուսի» բժշկական անձնակազմը շուտով լրացուցիչ հետազոտություններ կանցկացնի՝ պարզելու 23-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները։ Եթե խաչաձև կապանների պատռվածքը հաստատվի, կոլումբացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Հիշեցնենք, որ Խուան Կաբալն ընթացիկ մրցաշրջանից առաջ է իտալական «Վերոնայից» 13 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել թուրինյան գրանդ:
Ավելի վաղ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել «Յուվենտուսի» առաջատար պաշտպան, բրազիլացի Գլեյսոն Բրեմերը: