Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, որն օրեր առաջ միացել է «Միլանին», հուզիչ գրառում է կատարել՝ ուղղված «Արքայական ակումբից» հեռացած Լուկաս Վասկեսին:
«Լուկի՜, դու արդեն գիտես, որ լավագույն մարդկանցից ես, որ «Ռեալը» երբևէ տվել է ինձ։ Շնորհավորում եմ կյանքիդ ակումբում նվաճած ամեն ինչի համար։
Դու այն հայելին ես, որի մեջ պետք է նայեն ակումբի բոլոր երիտասարդ խաղացողները, որոնք երազում են հայտնվել առաջին թիմում։
Աշխատասիրության և խոնարհության օրինակ։ Մեծ հաճույք է եղել այսքան տարիներ քո խաղընկեր լինելը։
Մաղթում եմ քեզ և քո ընտանիքին ամենայն բարիք նոր փուլում։
Գիտես, որ հավերժ ընկեր ունես։ Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը:
34-ամյա Լուկաս Վասկեսը Մադրիդի «Ռեալի» սան է, ակումբի համակարգում էր 2007 թվականից: Հուլիսի 14-ից իսպանացին ազատ գործակալի կարգավիճակում է: