
1928 թվականի մարտի 15-ին, ժամը 4-ին ֆրանսիական «Պակե» նավային ընկերությանը պատկանող «Ֆրիժի» շոգենավում հրդեհ բռնկվեց։ Շոգենավը կանգնած էր Սիրքեջիի նավահանգստում` Մարսելիս բերած ապրանքն էր դատարկում Բաթումի մեկնելու համար։ Ականատեսների վկայությամբ, ժամը 4-ին շոգենավը սկսեց շարունակական շչակը սուլել, որը գրավեց Պոլսի կամրջով անցնողների ուշադրությունը։ Հեռվից նշմարվեց, որ շոգենավից ծուխ է բարձրանում, անմիջապես օգնության հասան փոքրիկ շոգենավեր ու հրշեջ խմբեր, որոնք օգտագործեցին գրեթե 7000 տոննա ջուր, բայց անօգուտ։ Երկու ժամ անց շոգենավը սկսեց մի կողմի վրա հակվել, որպեսզի չընկղմվի, օգնության եկած շոգենավերը «Ֆրիժը» հրեցին ավելի ապահով վայր, դեպի ավազները։ Հրդեհը մարեց ուշ գիշերին, այն ծագել էր ձվի սնդուկների համար դիզված տաշեղներում հայտնված կայծից։Շոգենավում 1200 տոննա զանազան տեսակի ապրանքներ կային Պոլսի և Սևծովյա այլ նավահանգիստների համար։ Ամեն ինչ այրված էր։
Այս շոգենավի հրդեհը մեզ համար կրկնակի ցավալի էր, քանի որ այնտեղ էին գտնվում Մարտիրոս Սարյանի 37 կտավները։
Հրդեհի ու այրված նկարների մասին պատմում է նկարիչը
« Այրված 37 նկարները, բացառությամբ հինգի, որը Երևանից էի տարել, Փարիզի մի տարվա աշխատանքներս էին, որոնցից ամենահետաքրքրականները հետևյալն էին` «Հայուհի», «Արևելյան ծաղիկներ», «Ծաղիկներ», «Գյուղի փողոց», «Պարսկական գյուղ» և մի քանի պորտրետներ։ Այս աշխատանքները հետաքրքիր էին մանավանդ այն տեսակետից, որ կրում էին ֆրանսիական նկարչության առանձնահատկությունները, որ չափով որ ես կարողացել էի յուրացնել այն։ Հենց այդ առավելություններն էին շեշտում ու գնահատում նաև Փարիզում ապրող ռուս քննադատներն իմ նկարների մեջ»։
«Փարիզը մի քաղաք է ուր արվեստի պահանջներն այնքան են նրբացել, որ շատ նկարիչներ մնում են բոլորովին անուշադիր։ Դժվար էր այդ պայմաններում ուշադրություն գրավել, իմ նկարները շնորհիվ իրենց արևելյան կոլորիտին որոշ հետաքրքրության և ուշադրության նյութ դարձան։
Այդ նկարներից երեքը Տրետյակովսկու պատկերասրահի համար ուզում էին գնել, ուր առաջիկա ձմռանը պետք է կազմակերպվեր ցուցահանդես, որտեղ ցանկանում էի ուղարկել նաև իմ նկարները, ապա նրանցից մի մասը տալ Հայաստանի պետթանգարանին։
Ես ունեի մի քանի էտյուդներ Փարիզի գործարանային կյանքից։ Ես ցանկացա ուսումնասիրել այդ կյանքը։ Փարիզի շրջակայքում և Սենի ու Մարնի ափերում գտնվող գործարանները շատ հոյակապ են, որոնց վերարտադրությունը, սակայն նկարչության մեջ բավական դժվար է, եթե որ անկարելի, որովհետև մեքենաների նրբությունը և մաթեմատիկական ճշտությունն այնքան էլ հեշտ չէ նկարչական արվեստի համար»։

Հրդեհի ազդեցությունը
«Սկզբում ես մի տեսակ շշմած դրության մեջ էի և կարծես չհավատալով կատարվածին, այնքան խորը չէի զգում կորստի պատճառած վիշտը, սակայն հետզհետե, երբ անդրադառնում եմ նրան և պատկերացնում ստեղծագործության այն աննախընթաց և եզակի թափը, որով ես համակված էր Փարիզում այդ նկարները ստեղծագործելիս և որը չի կրկնվում այլևս ինձ համար, նոր եմ զգում, թե ինչ մեծ կորուստ ունեցա ես»։
«Ստեղծագործությունը, ներշնչումը դժվար բան է, չի կրկնվում, ստեղծագործող արվեստագետն ինքն էլ փոխվում է։ Ինչքան, որ այդ նկարներիս լուսանկարներն ունեմ հիմա, սակայն անհնար է նրանցով վերարտադրել հինը, իսկականը։ Նախ, որ գույներից շատերը չեմ հիշում հիմա և այն ինչ կարելի էր նկարել Փարիզում, ֆրանսիական արվեստի անմիջական ներշնչման ազդեցության տակ, դժվար է վերարտադրել Երևանում։
Իմ ցավը մեծանում է առանձնապես նրանով, որ ես նկարչության մեջ արած իմ որոշումները հիմնավորել էի Փարիզում. ես իմ ուղին ստուգելու համար էի գնացել Փարիզ և գտա, որ այդ ուղին իր հիմքում ճիշտ էր` նկարչության մոտեցման և բովանդակության տեսակետից։ Ես արդեն իմ քննությունը բռնել էի, արվեստի տեսակետից հիմնավորվել էին իմ աշխատանքները, որոնք այժմ կորան»։
«Փարիզը, իբրև համաշխարհային նկարչության կենտրոն, մի մեծ էտապ էր ինձ համար և իմ աշխատանքների համար առանձին նշանակություն ուներ։ Փարիզի իմ նկարներից մնացել են ընդամենը 10 հատ, նրանցից վեցը ծախված է Փարիզում, իսկ չորսը մնացել են այնտեղ, սակայն այդ նկարները կորածների համեմատությամբ պակաս արժեք ունեն, իմ տեսակետով»։