Տիգրան Չուխաջյանը հայ ազգային օպերային արվեստի հիմնադիրն է։ Նրա ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ նոր էջ բացվեց, դրվեց ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը: Նրա շնորհիվ գործածության մեջ մտավ «հայ կոմպոզիտոր» հասկացությունը:
Չուխաջյանը, կոմպոզիտոր լինելուց բացի, նաև դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ էր։ Նա մշտապես պայքարել է հայ ազգային մշակույթի զարգացման համար՝ իր մասնակցությունն ունենալով հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում։
Չուխաջյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը։ Հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ» (1868), «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875), «Արիֆի խորամանկությունը» (1872), «Քյոսե Քեհյա» (1873) օպերետները։
1870-ական թվականներին Լեյբլեբիջի օպերետը կատարող խումբը:
Ծնունդը
Չուխաջյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում, արքունական ժամագործի ընտանիքում։ Հայրը՝ Գևորգը, արվեստի սիրահար էր, ամեն կերպ աջակցում էր տաղանդավոր որդուն ստանալ երաժշտական կրթություն։ Արդեն 15-16 տարեկանում պատանի Չուխաջյանը գրավեց երաժշտական հանրության ուշադրությունն իր դաշնամուրային կատարումներով։
Մասնագիտական կրթությունը
Մասնագիտական կրթությունը սկսել է իտալացի դաշնակահար Չ.Մանձոնիի մոտ, որի խորհրդով էլ մեկնել է Իտալիա՝ կատարելագործվելու։ Այսպիսով՝ Չուխաջյանը դարձավ հայ կոմպոզիտորներից առաջիններից մեկը, որը բարձրագույն երաժշտական կրթություն ստացավ Եվրոպայում։
Ստեղծագործական կյանքը
Չուխաջյանը Թուրքիայում պայքարում էր հայ ազգային մշակույթի պահպանման համար, ղեկավարում էր սիմֆոնիկ համերգներ, նաև՝ Կոստանդնուպոլսի Խասգյուղ շրջանի հայկական նվագախումբը, երաժշտություն էր գրում Արևելյան թատրոնի, Վարդովյան թատրոնի ներկայացումների համար, դասախոսություններ կարդում, նաև քարոզում առաջադեմ եվրոպական երաժշտական մշակույթը։
Երաժշտական քննադատ Ադոլֆո Տարրասոն Չուխաջյանի ստեղծագործության մասին գրել է.
1872 թվականին դառնում է հայկական երաժշտական թատրոնի հիմնադիրը: 5 տարի անց ղեկավարում է երաժշտական թատերախումբը: Հիմնադրել է «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվել է «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»: Եղել է Հակոբ Վարդովյանի «Արևելյան թատրոնի» երաժշտական ղեկավարը: 1891-92 թվականներին Փարիզում բեմադրվել են կոմպոզիտորի օպերետները։
Հայկական առաջին ազգային օպերան՝ «Արշակ II»-ը գրում է 1868 թվականին։ Հակահայկական բռնություններից խուսափելու նպատակով 1896 թվականին տեղափոխվում է Իզմիր, որտեղ էլ որոշ ժամանակ անց մահանում է քաղցկեղից, աղքատության մեջ։
Արշակ Բ օպերան
«Արշակ Բ» օպերայի պարտիտուրից մի էջ
Հայկական ազգային դասական առաջին օպերան ստեղծվել է Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու փոխանցած տեղեկությունների հիման վրա։ Այն հայոց արքա Արշակ Բ-ի, թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի և իշխաններ Գնելի ու Տիրիթի, նաև Հայաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին է։
Իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը, հայերենը՝ Արմեն Գուլակյանը։
Չուխաջյանը, մարմնավորելով Թերզյանի լիբրետոյի քնարական հիմնական գիծը և միաժամանակ բացահայտելով դրամատիկական ու հերոսական շեղումները, ստեղծել է եվրոպական «մեծ օպերայի» ավանդույթի մի երկ, որտեղ կար կատարողական հսկայական կազմ, սիմֆոնիկ նվագախումբ, երգեցիկ խումբ, մեներգիչներ և փողային նվագախումբ։
Թուրքական իշխանությունների ընդվզումների պատճառով օպերան ամբողջությամբ չի բեմադրվել երգահանի կենդանի լինելու տարիներին։ Միայն նրա մահից հետո, 1930-ական թվականներին խորհրդային հայ երաժշտագետներ Ալեքսանդր Շահվերդյանի, Լևոն Խոջա-Էյնաթյանի ու գրականագետ Արմեն Գուլակյանի շնորհիվ օպերայի երաժշտությունն ու լիբրետոն հիմնովին վերախմբագրվում են։
Նորացված տեսքով օպերան առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին 1945 թվականին՝ դառնալով Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկի հիմնասյուներից մեկը։
Տիգրան Չուխաջյանի պատվին Երևանում երաժշտական դպրոց կա։