Վերջնագիծը հատեց Հայաստանի գավաթի 34-րդ խաղարկությունը: Եզրափակիչ խաղում 3-1 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», «Նոան» 2-րդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը:
FastNews-ը գավաթի եզրափակիչ հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի գավաթի 34-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար 25 խաղ անցկացվեց: Խաղերից 11-ում հաղթել են դաշտի տերերը, 13-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, մեկում գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 25 հանդիպումներում գրանցվել է 95 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,8 գոլ):
2. «Նոան» 5 տարի անց կրկին նվաճեց Հայաստանի գավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր: Եվ դարձյալ եզրափակչում մրցակիցն «Արարատ-Արմենիան» էր, որին 2020թ. հուլիսի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում «Նոան» հաղթել էր հետխաղյա 11մ հարվածաշարում՝ 7-6 (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 5-5 էր):
«Ցեմենտից» (1998, 1999թթ.) և «Նորավանքից» (2021/22թթ.) հետո «Նոան» դարձավ գավաթի եզրափակիչ հանդիպումներում չպարտված 3-րդ ակումբը:
Գավաթի խաղարկություններում նվաճած մրցանակների քանակով «Նոան» հավասարվեց կրկնակի գավաթակիրներ «Ցեմենտին» ու «Շիրակին»: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 8-ակի գավաթակիր է: 6-ական անգամ գավաթակիր են դարձել «Արարատն» ու «Միկան», 4 անգամ՝ «Ուրարտուն»: Մեկական անգամ էլ գավաթին տիրել են «Գանձասար-Կապանը», «Ալաշկերտը», «Նորավանքը» և «Արարատ-Արմենիան»:
3. «Նոան» դարձավ ոսկե դուբլ գրանցած 5-րդ ակումբը: Առավել հաճախ՝ 6 անգամ մեկ մրցաշրջանում չեմպիոն և գավաթակիր է դարձել «Փյունիկը» (1995/96, 2002, 2004, 2009, 2010, 2014/15թթ.): Մեկական անգամ դուբլ են ձևակերպել «Արարատը» (1993թ.), «Ցեմենտը» (1998թ.) և «Ուրարտուն» (2022/23թթ.):
4. «Արարատ-Արմենիան» 3-րդ անգամ եզրափակչում վիճարկելով գավաթը, 2-րդ անգամ խաղադաշտից հեռացավ առանց մրցանակի: Առավել հաճախ՝ 12 անգամ գավաթի եզրափակչում հանդես է եկել «Փյունիկը»՝ 8 անգամ դառնալով գավաթակիր: Եզրափակիչ հանդիպումներում վատագույն արդյունքը պատկանում է «Ուրարտուին», որի գավաթը նվաճելու 11 փորձերից միայն 4-ն է հաջողությամբ ավարտվել:
5. Գավաթի եզրափակիչ հանդիպումներում 6-րդ անգամ 3-1 հաշիվ գրանցվեց: Առաջին անգամ դա պատահել էր 1993թ. կայացած վճռորոշ խաղում, որում «Արարատը» պարտության էր մատնել «Շիրակին»: Հետագայում նման հաշվով «Ցեմենտը» հաղթել էր «Երևանին» (1998թ.), «Բանանցը»՝ «Արարատին» (2007թ.), «Փյունիկը»՝ «Միկային» (2015թ.) և «Արարատը»՝ «Ալաշկերտին» (2021թ.):
Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում գրանցվել է հաշվի 12 տարբերակ: Առավել հաճախ՝ 8 անգամ գավաթակիրը հաղթել է նվազագույն հաշվով: 3 անգամ գրանցվել է խոշոր հաշիվ: Ամենագոլառատ եզրափակիչը 2020թ. կայացած «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումն էր, որում գրանցվել էր 10 գոլ (5-5):
Միայն մեկ անգամ՝ 2004թ. կայացած «Փյունիկ»-«Բանանց» խաղում գոլ չի խփվել: 5 անգամ եզրափակիչ խաղն ավարտվել է ոչ-ոքի և գավաթակիրը որոշվել է հետխաղյա 11մ հարվածներով:
Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ 34 հանդիպումներում 98 գոլ է խփվել (միջինը մեկ խաղում՝ 2,88 գոլ):
6. Ռուի Մոտան դարձավ Հայաստանի գավաթակիր թիմ պատրաստած 23-րդ մարզիչը: Ռեկորդակիրը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերը («Բանանց»` 1992թ., «Ցեմենտ»՝ 1998, 1999թթ., «Արարատ»՝ 2008թ.) 4 անգամ են գավաթակիր դարձել:
Պորտուգալացի մասնագետը ոսկե դուբլ ձևակերպած 8-րդ մարզիչն է: Ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է, որի գլխավորությամբ «Փյունիկը» 2 տարի անընդմեջ՝ 2009-2010թթ. դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր: Մեկական անգամ նման նվաճման են հասել Արմեն Սարգսյանը («Արարատ»՝ 1993թ.), Խորեն Հովհաննիսյանը («Փյունիկ»՝ 1995/96թթ.), Վարուժան Սուքիասյանը («Ցեմենտ»՝ 1998թ.), Օսկար Լոպեսը («Փյունիկ»՝ 2002թ.), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»՝ 2014/15թթ.) և Դմիտրի Գունկոն («Ուրարտու»՝ 2022/23թթ.):
7. Հելդեր Ֆեռեյրան բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում՝ դառնալով եզրափակիչ հանդիպումներում դուբլ գրանցած 13-րդ ֆուտբոլիստը: Նախկինում դա հաջողվել էր Արմեն Շահգելդյանին («Արարատ»՝ 1993թ.), Կարեն Բարսեղյանին («Կոտայք»՝ 1994թ.), Հայկ Հակոբյանին («Ցեմենտ»՝ 1999թ.), Սեմյոն Մուրադյանին («Բանանց»՝ 2007թ.), Գևորգ Ղազարյանին («Փյունիկ»՝ 2010թ.), Նարեկ Բեգլարյանին («Միկա»՝ 2011թ.), Ռազմիկ Հակոբյանին («Փյունիկ»՝ 2015թ.), Կիրիան Նվաբուեզեին («Շիրակ»՝ 2017թ.), Վլադիմիր Ազարովին («Նոա»՝ 2020թ.), Լուիս Ուգոչուկվու Օգանային և Յուսուֆ Օտուբանջոյին (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»՝ 2020թ.) ու Մորի Կոնեին («Արարատ»՝ 2021թ.):
Հելդեր Ֆեռեյրան ընդգրկվեց գավաթի եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավելով 28 տարեկան 38 օրականում:
8. Մաթեուս Այասը գավաթի ավարտված մրցաշարում 4-րդ գոլը խփեց և դարձավ պատվավոր մրցանակի խաղարկություններում «Նոայի» լավագույն ռմբարկուն: Նա գերազանցեց 3-ական գոլ խփած Մաքսիմ Մայրովիչին և Վլադիմիր Ազարովին: Այասը (28 տարեկան 134 օրական) և Մարիուս Նուբիսին (28 տարեկան 166 օրական) ընդգրկվեցին գավաթի եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում:
9. Օգնյեն Չանչարևիչը դարձավ Հայաստանի գավաթը նվաճած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստը: «Արարատ-Արմենիայի» հետ խաղում նա 35 տարեկան 230 օրական էր: Սերբ դարպասապահը գերազանցեց «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Մագդիևի ցուցանիշը, որը գավաթակիր էր դարձել 33 տարեկան 158 օրականում: Չանչարևիչից հետո 2-րդ ցուցանիշն ունի Ալեքսանդր Միլկովիչը (35 տարեկան 76 օրական):
Ամենատարեց այլազգի գավաթակիրների տասնյակում ընդգրկվեցին նաև Գոնսալո Սիլվան (33 տարեկան 343 օրական), Գուդմունդուր Թորարինսոնը (33 տարեկան 28 օրական) և Բրայան Մենդոզան (32 տարեկան 67 օրական):
Չանչարևիչը և Արտակ Դաշյանը (35 տարեկան 174 օրական) ընդգրկվեցին ամենատարեց գավաթակիրների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Գրիգոր Մելիքսեթյանին (34 տարեկան 270 օրական) և Արթուր Ավագյանին (34 տարեկան 308 օրական):
10. Հովհաննես Համբարձումյանը 28-րդ ավագն էր, որին հանձնվեց գավաթը: Առավել հաճախ` 4 անգամ (1993-1996թթ.) որպես թիմի ավագ գավաթը հանձնվել է Արամայիս Տոնոյանին: Առաջին երեք մրցանակները նա ստացել է «Արարատում», վերջինը՝ որպես «Փյունիկի» ավագ: