Ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» կազմում։ Այդ մասին հայտնել է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
27-ամյա դարպասապահը խաղացել է ուկրաինական «Դնեպր», «Գորնյակ», «Մինայ», «Ինգուլեց», լատվիական «Դաուգավպիլս» և ՌՖՇ ակումբներում։ Լատվիայում խաղալու ժամանակ եղել է «Փյունիկի» կիսապաշտպան Լուկաս Վիլելայի թիմակիցը: Նրա նախորդ ակումբը եղել է ռումինական «Արադը», որի կազմում 20 խաղում դարպասը 6 անգամ պահել է անառիկ։ Transfermarkt-ը Կուչերի տրանսֆերային արժեքը գնահատում է 300 հազար եվրո։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» մասնակցելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ մրցելու է մոլդովական «Զիմբրուի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին։