Այսօր դերասան Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1937թ. հունիսի 5-ին Լենինական քաղաքում:
«Երջանիկ եմ թե՛ իմ խաղացած դերերով, որովհետև պատահական դերեր չեմ խաղացել: Երջանիկ եմ իմ շրջապատով, իմ անցած տարիներով, իմ ձեռք բերածով»,-հարցազրույցներից մեկում ասել է անվանի դերասանը:
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան է:
Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ` 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»):
Կինոյում նկարահանվում է 1964 թվականից: Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր` Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր` Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր` Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980):
Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները: Արժանացել է պարգևների և մրցանակների. 1980 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստ կոչման, 1981-ին ՀԽՍՀ Պետական մրցանակի, 1998-ին ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: