Նոր մրցաշրջանում հայ ձյուդոիստներից առաջինը միջազգային մրցաշարի մրցանակակիր դարձավ 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը, որը բրոնզե մեդալով վերադարձավ օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի բաց առաջնությունից։ Այդ մրցմանը մասնակցած Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները մրցանակային հավակնություններ չդրսևորեցին։
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արձանագրել է սաների գործողություններում նկատած բոլոր բացերը, որոնք լրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու մայիսի 7-13-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստության ընթացքում։
Անդրադառնալով տարվա առաջին մրցաշարի արդյունքներին՝ գլխավոր մարզիչը, մասնավորապես, նշեց. «Սպասելիքներն ավելին էին, սակայն սահմանափակվեցինք մեկ մեդալով և վարկանիշային միավորներով, որոնք շնորհվում էին այս մրցաշարում։ Ստուգատեսը բավականին ներկայացուցչական կազմ էր հավաքել. յուրաքանչյուր քաշային կարգում 50-60 մարզիկ էր հանդես գալիս։ Հաշվի առնելով, որ սա 2023 թվականին մեր անդրանիկ մեկնարկն էր, տղաներին ազատ և անկաշկանդ մրցելու հնարավորություն էինք ընձեռել։ Առավել մեծ էին սպասելիքները 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյանից և 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանից։ Սակայն, նրանք երկուական հաղթանակից հետո տակտիկական սխալով պայմանավորված պարտություններ կրեցին։ Ընդ որում, կարելի է ասել՝ առանձնապես չզիջեցին մրցակիցներին։
60 կգ քաշային Գասպար Հայրապետյանն առաջին իսկ գոտեմարտում առաջխաղացման իրավունքը զիջեց ղազախ ձյուդոիստին։ Սա մեր մարզիկի նորամուտն էր մեծահասակների մրցումներում, ուստի մասնակցությունը, կարելի է ասել, ճանաչողական բնույթ ուներ։ Նա ծանոթացավ նոր իրողության առանձնահատկություններին, մենք էլ նրան փորձեցինք հասուն սպորտում։ Հասկանալի է, որ այս պահին Գասպարից առանձնակի ակնկալիքներ չունեինք։ Հայրապետյանը աշխատասեր, հեռանկարային երիտասարդ է։ Փորձելու ենք ամեն կերպ կատարելագործել նրա վարպետությունը, լրացնել բացերը և, իհարկե, նորից կընձեռենք իր հնարավորությունները դրսևորելու հնարավորություն»։
Արտյոմ Ղալաչյանի մեդալակիր դառնալն անսպասելի չէր գլխավոր մարզչի համար։
«Ակնկալվող պարգև էր, որն, ի դեպ, մեծահասակների մրցումներում նրա նվաճած երկրորդ միջազգային մրցանակն է։ Արտյոմն այս տարի մասնակցել է երկու հավաքի՝ Ավստրիայում ու Երևանում։ Անցյալ տարի նույնպես դարձել էր համանման մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Խոստովանեմ՝ ավելի բարձր կարգի մեդալ էի ակնկալում նրանից, սակայն 5 հաղթանակներին հաջորդած միակ պարտությունը հանգեցրեց արդեն հայտնի արդյունքին։ Արտյոմն աշխատելու դեռ շատ տեղ ունի, բայց նա չի խորշում քրտնաջան մարզումներից։ Նշանակում է՝ ամեն ինչ դեռ առջևում է»,- նշեց Հովհաննես Դավթյանը։
Մարտի սկզբից Հայաստանի հավաքականը կսկսի անմիջական նախապատրաստությունն աշխարհի առաջնությանը։ Գլխավոր մարզիչը հայտնեց, որ փոքր-ինչ հանգստանալու և վերականգնվելու հնարավորություն է տվել մարզիկներին, քանի որ նրանք տարեսկզբից անդադար մարզվել են և հիմա էլ մասնակցել միջազգային մրցումների։
«Աշխարհի առաջնությանն անմիջականորեն կսկսենք պատրաստվել մարտի 13-18-ը Չեխիայի Նիմբուրգ քաղաքում կայանալիք միջազգային ուսումնամարզական հավաքին մասնակցությամբ։ Այնտեղ հիմնականում լինելու են մարզումային գոտեմարտեր։ Մինչև այդ ձյուդոիստները կշարունակեն անհատական ծրագրով աշխատել իրենց մարզադպրոցներում։ Ֆերդինանդ Կարապետյանը մարզվելու է Ռուսաստանում։ Նախապատրաստական շրջանում ծրագրել ենք մասնակցել միջազգային մրցումների։ Խոսքը «Գրան պրի» և «Մեծ սաղավարտի» շարքի մեկական մրցաշարի մասին է, որոնք անցկացվելու են Իսրայելում և Վրաստանում։ Այսօր ունենք 4-5 մարզիկ, որոնք պատրաստ են մասնակցել նման բարձր կարգի մրցումների։ Հավաքների արդյունքներով կորոշենք, թե որ մրցաշարերին են մասնակցելու կոնկրետ մարզիկները»,- մանրամասնեց նա։
Փետրվարի 15-ից Հովհաննես Դավթյանը միանալու է Ծաղկաձորում Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների մարզումները ղեկավարող գործընկերներին։
Լուսանկարները՝ Ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայություն