
Մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է։ Այս առթիվ ընտրել ենք մի շարք հայ բանաստեղծների, որոնց նկարել են հայ նկարիչները։ Կազմել ենք մի գեղեցիկ հավաքածու` «Մի պոետ, մի կտավ, մի բանաստեղծություն» սկզբունքով։
Հովհաննես Թումանյան (1869-1924)

Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն,
Ու նրանց միջում հավիտյան սիրուն
Կյանքը՝ հարաշարժ հոսանք է վարար…
Նորանոր ուժեր ճնշում են իրար,
Ելնում են թափով,
Իջնում տագնապով
Ու կենդան, կայտառ,
Միշտ նոր ձևի մեջ,
Անդուլ, անդադար
Հոսում են անվերջ…
Էն լայն հոսանքի, մեծ աղմուկի տակ
Հավիտյան անշարժ, համր ու անգիտակ,
Անտարբեր էն տաք, եռուն պայքարին,
Անցնող օրերին, ապրող աշխարհին՝
Հզորն ու տկար
Ընդմիշտ հավասար,
Անխտիր հալվում
Մեծ հանգըստի մեջ,
Հալվում են, ձուլվում,
Հանգչում են անվերջ…
Ավետիք Իսահակյան (1875-1957)

Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…
Իմ ընկերները — իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…
Վահան Տերյան (1885-1920)

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…
Կոստան Զարյան (1885-1969)

Փողոցով անցնելիս մտահոգ
Մի չքնաղ թրթռուն հայուհի
Սկրատող թարթիչները խփեց՝
Աչքերս այրեց։
Մի ծաղիկ բարձրացաւ իմ սրտում
Եւ ծածուկ հեզ երգի կատարին իր լոյսը տատանեց մեղմօրէն։
Փողոցը մագլցեց մի գագաթ
Եւ դէմքը տալով աստղերին,
Ճրագներով մեծացաւ անհունի։
Քայլեցի ոտքերով շւարած,
Գլխարկս քաշեցի ճակատիս
Եւ սերը սեղմելով իմ կրծքին,
Մի կողմի վաղոցով հեռացայ։
Եղիշե Չարենց (1897-1937)

Ես այլ աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ – ես սիրում եմ նրանց –
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել – միայն դո՛ւ:
Միայն դո՛ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, –
Ուզում եմ միշտ քե՛զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ –
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ…
Համո Սահյան 1914-1993

Դու իմ կյանքն էիր,կյանքի գինն էիր,
Լավագույն էիր ամենքի մեջ:
Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ երգի մեջ:
Առաջինն էիր, ու վերջինն էիր
Իմ անքուն, անքեն տարերքի մեջ,
Դու իմ ձերքի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ վերքի մեջ:
Հովհաննես Շիրազ 1914-1984

Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ, ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս անպես,
Որ տակից անցնես ու առնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա…
Գևորգ Էմին 1919-1998

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր:
Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ…
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ…….
Սիլվա Կապուտիկյան 1919-2006

Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ – կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ – կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ – կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել – կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ …
Պարույր Սևակ (1924-1971)

Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:
Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին – անգիտակցաբար մեծ մեղք են գործում:
Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:
Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել…