Լուչանո Սպալետին պաշտոնապես հաստատեց, որ հեռանում է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Sky Sport Italia-ն։
«Ղեկավարության հետ քննարկեցինք իմ ապագան, և նրանք ինձ ասացին, որ ես կազատվեմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ցավում եմ, մեր հարաբերությունները հաշվի առնելով՝ չէի պատրաստվում հանձնվել։ Հատկապես, երբ գործերը լավ չեն ընթանում, ես կնախընտրեի մնալ և կատարել իմ աշխատանքը։ Սակայն սա ազատում է, և ես պետք է հաշվի առնեմ դա։ Ես միշտ այս դերն ընկալել եմ որպես երկրին ծառայություն և ուզում եմ ներդրում ունենալ ազգային հավաքականի ապագայի մեջ։ Ես կխզեմ պայմանագիրը։
Երբ ես ստանձնեցի գլխավոր մարզչի պաշտոնը, գիտեի, որ դժվար պահեր կլինեն։ Ես չհաջողեցի»,- ասել է 66-ամյա մասնագետը:
Սպալետին նաև նշել է, որ հունիսի 9-ին նախատեսված Մոլդովայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի չորրորդ տուրի տնային խաղն իր համար վերջինը կլինի Իտալիայի հավաքականի ղեկին:
Ավելի վաղ հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Սպալետին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկում է ունեցել ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջին խաղում Նորվեգիային 0-3 հաշվով պարտվելուց հետո:
Սպալետին 2023 թվականի սեպտեմբերի 1-ից է գլխավորում Իտալիայի ազգային հավաքականը: