
Ապրիլի 11-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում» խորագրով միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, որի նպատակն է ներկայացնել ԳԱԿ-ի անցած ուղին: Սա 2019 թ. կազմակերպվող ցուցադրություններից թվով երկրորդն է: Միջոցառման նպատակն է հետահայաց ցուցադրել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր ցուցահանդեսային ծրագրերը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները: Այցելուները հնարավորություն ստացան նաև ցուցահանդեսների պաստառների վրա առկա QR ծածկագրերի և smart հեռախոսների օգնությամբ վիրտուալ իրականությամբ հայտնվել անցյալում, ծանոթանալ ցուցահանդեսների նկարագրություններին, ցուցանմուշներին, բացման տեսանյութերին, էլեկտրոնային պատկերագրքերին:
Այս 10 երկար և շատ հագեցած տարիների ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպել է ավելի քան 60 ցուցահանդես: Կենտրոնը միշտ եղել է և կմնա հավատարիմ իր առաքելությանը, այն է՝ ցուցադրել ժամանակակից արվեստի լավագույն նմուշները Հայաստանում, իսկ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույն նմուշները: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ցուցադրել է ոչ միայն Ջերարդ Գաֆէսճեանի հավաքածուն, այլև իրականացրել մեր հայ արվեստագետների ցուցադրությունները, կյանքի կոչել Միջթանգարանային համագործակցության ծրագիրը և հանրության դատին հանձնել մեր թանգարանների լավագույն ցուցանմուշները:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 30-ը:
Բաց չթողնե՛ք:
Լուսանկարները՝ Մհեր Արշակյանի