![[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ 9174917F 4576 4B53 92D1 710B7650EE50 scaled - [Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ](https://www.vnews.am/uploads/uploads/2021/03/9174917F-4576-4B53-92D1-710B7650EE50-scaled.jpeg)
Մարտի 1-ից մեկնարկում է եվրոպական կարևորագույն՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնը, գերմանական կինոֆեստի ինքնատիպ մթնոլորտը սիրող կինոլրագրողների և կինոքննադատների համար խիստ անսովոր՝ օնլայն ձևաչափով։ Միայն գլխավոր մրցութային ծրագրում ներկայացված է 15 ֆիլմ, սակայն Berlinale-ի երկորդական ծրագրերը բազմազան են, բայց ոչ անկարևոր. հիմնական մրցույթին զուգահեռ Forum և Panorama սեկցիաներում ներկայացված նմուշները նույնպես դիտվելու են կինոմամուլի կողմից գլխավոր մրցույթին հավասար։ Forum Extended ծրագրում առկա է 2 ու կես ժամանոց վավերագրական՝ Արցախում բնակվող մեծերի և փոքրերի մասին, որը նկարահանվել է 2020-ի պատերազմից առաջ՝ դեռևա 2007-ին, խաղաղ և լուսավոր Շուշիում և Ստեփանակերտում, սակայն արտադրվել է այս տարի։ Ֆիլմի ռեժիսորներն են պաղեստինցի Այրին Անաստասն ու իրանցի Ռենե Գաբրին, որոնք ապրում և ստեղծագործում են Նյու Յորքում։ Գաբրին ու Անաստասն անձամբ են նկարահանել ֆիլմը, իսկ Գաբրին բոլոր արցախցիների հետ շփվում է հայերեն, թեև կադրում չի երևում։
Ավելի մանրամասն 71-երորդ Berlinale-ի առաջին, թեև օնլայն ձևաչափով անցած ֆիլմառատ օրվա մասին։
Հոն Սան Սու՝ «Նախանվագ» / Inteurodeoksyeon, 2021
Բեռլինի կինոփառատոնի հարավկորեացի ֆավորիտ ռեժիսոր Հոն Սան Սուն տարբեր տարիներին բազմիցս ներկայացվել է Բեռլինալեի մրցութային ծրագրերում՝ 2017-ին հաղթելով գլխավոր մրցանակներից մեկը։ Բեռլինից զատ Սան Սուին նաև ներգրավել են Կաննի և Վենետիկի մրցութային ծրագրեր։ Ռեժիսորը հայտնի է իր լակոնիկ և մինիմալիստական ոճով, որում սև ու սպիտակ ժապավենի վրա պատկերվում է առաջին հայացքից բնականոն, առօրեական թվացող կյանքը՝ հաճախ նույն իրավիճակը տարբեր հերոսների դիտանկյուններից։ Այդպես է նաև այս տարվա Բեռլինի մրցույթում ներկայացված «Inteurodeoksyeon»-ում, որտեղ հանդիսատեսը տեսնում է գլխավոր հերոսի՝ երիտասարդ տղայի կյանքից երեք դրվագ՝ իր հոր, մոր և ընկերուհու աչքերով։ Երեք գլխից բաղկացած համեստ և անամբիցիոզ դրաման վերջաբանին մոտ բացահայտվում է ավելի մետաֆորիկ դիտանկյունից։
Մարիա Շրայդեր՝ «Ես եմ քո տղամարդը» / Ich bin dein Mensch, 2021
Անդրոիդների հետ ժամադրվելու, արհեսատական բանականության միջոցով սեր կամ զուգընկեր գտնելու ու սեփական Ես-ն ավելի լավ հասկանալու տենդենցները հասել են նաև կինոփառատոնային Բեռլին։ Բեռլինալեի մրցութային ծրագրի համար ոչ այդքան տիպիկ դրամեդին (կամ գուցե մելոդրաման) ռեժիսոր և դերասանուհի Մարիա Շրայդերի ֆիլմն է, որտեղ կին-ռեժիսորը փորձում է ներկայացնել իդեալականացված տղամարդու կերպարը՝ անդրոիդ Թոմի տեսքով։ Իր ժամանակավոր տիրուհին՝ Ալման, քրտնաջան աշխատում է հին սեպագրերի հետ և պետք է իր խիստ ծանրաբեռնված առօրյայում մի փոքր ժամանակ հատկացնի Թոմին, որպեսզի վերջում գնահատական տա ռոբոտաշինությամբ զբաղվող կազմակերպությանը։ Շրայդերի ֆիլմը կարող է հանգիստ տեղավորվել վիքենդյան կինոթատրոնային այցի կամ բազմոցին տեղավորված պոպ-քորնի հսկա ամանով զինված ընտանեկան ձևաչափի մեջ, սակայն հեղինակային կինոնմուշների կողքին այն հաղթելու շանսեր չունի, որովհետև տպավորիչ չէ անգամ իր՝ մեյնսթրիմային իրականության մեջ և լիովին չի համապատասվանում մելոդրամայի ստանդարտներին։
Այրին Անաստաս և Ռենե Գարբի՝ Black Bach Artsakh, 2021
Վավերագրողներ Այրին Անաստասի և Ռենե Գարբիի արցախյան ֆիլմը ստեղծվել է դեռևս 2007 թվականին արված զրույցների, ճամփորդությունների, հետազոտությունների և հարցուփորձերի հիման վրա։ Հայկական Շուշիում և Ստեփանակերտում բնակվող արցախցիները պատմում են սեփական առօրյայի, անցյալի, վախերի, ցանկությունների, երազանքների և խնդիրների մասին՝ շատ հաճախ հստակ չկարողանալ ճիշտ բառեր գտնել ներաշխարհը հանելու և ուրիշներին ներկայացնելու համար։ Եվ հարկավոր էլ չէ. իրենց փոխարեն խոսում են ֆիլմի ռեժիսորները, որոնք 2 ու կես ժամանոց արցախյան հողն ու սարերը մասնատում են ինչպես տեղացիների անշուք և կենցաղով, այդպես էլ սեփական պոետիկ և փիլիսոփայական վերլուծություն-համեմատություններով։ Հեղինակները բարձրաձայնում են պատմական և մարդաբանական հարցեր՝ ի՞նչ է գաղութացումը, որտե՞ղ է տունը, ինչի է նման անվերջ փնտրտուքների մեջ գտնվող մարդը կամ ինչպես է հնարավոր զերծ մնալ պատերազմներից։ Բազմաթիվ մտքեր, որոնցից շատերը պտտվել են հայաստանցիների, արցախցիների, պաղեստինցիների կամ սիրիացիների լեզվի ծայրին և որոնք ձև են ստացել բառախաղ հիշեցնող արցախյան վերնագրում, որտեղ անդադար հնչում է Բախ, մեզ հարազատ բարբառն ու ֆիլմի ստեղծողների կողմից անգլերեն ձևակերպած հռետորական հարցերը։