Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը երկրի ֆուտբոլի միության կայքի հետ զրույցում բացատրել է Ռոբերտ Լևանդովսկիին ավագի թևկապից զրկելու որոշումը, որից հետո հարձակվողը հրաժարվել է մարզչի օրոք ազգային թիմում խաղալուց:
«Մոլդովայի հետ խաղից հետո ժամանակ ունեցա վերլուծելու և որոշում կայացնելու։ Ավագին փոխելու ճիշտ ժամանակն էր։ Նման որոշումները երբեք հեշտ չեն լինում, բայց համոզված եմ՝ հավաքականին դա անհրաժեշտ էր։ Ինձ համար գլխավորը թիմն է։
Ես այլ տարբերակ չունեի, ուստի հեռախոսով խոսեցի Ռոբերտի հետ: Նրան պատմեցի որոշման մասին։ Ռոբերտն ասաց, որ թևկապից զրկվելը ոչինչ չի նշանակում և ոչինչ չի փոխի թիմում։ Գուցե դա ճիշտ է նրա տեսանկյունից, բայց իմ տեսանկյունից շատ բան կփոխի։ Ահա թե ինչու ես կայացրի այդ որոշումը։
Հետագայում հանդիպեցի Պյոտր Զելինսկիին, ասացի, որ նա է լինելու ավագը, և Ռոբերտն արդեն տեղյակ է դրա մասին։ Ժամը 21:50-ին մենք հանդիպում ունեցանք ֆուտբոլիստների ու անձնակազմի հետ, և ես նրանց տեղեկացրի որոշման մասին։ Այնուհետև Պյոտրը դիմեց թիմին, և նրանք շնորհավորեցին նրան։ Դա ինձ համոզեց, որ մենք կարող ենք շարժվել ճիշտ ուղղությամբ, և ես հավատում եմ, որ այդպես էլ կլինի։
Հեռախոսն ինձ մոտ չէր։ Երբ վերադարձա սենյակ, տեսա՝ Ռոբերտն էր զանգահարել։ Ես նրան զանգահարեցի ժամը 21:59-ին և հարցրի, թե ինչ է պատահել։ Նա պատասխանեց՝ կցանկանար անձամբ հրաժարվել թևկապից և իրավիճակն այդպես ներկայացնել։ Ես պատասխանեցի՝ ո՛չ, քանի որ դա իմ որոշումն է։ Այնուհետև մենք հայտարարություն հրապարակեցինք ֆեդերացիայի կայքում։ Հետագայում սոցիալական ցանցերից իմացա, որ Լևանդովսկին հրաժարվել է ազգային հավաքականում խաղալուց։
Նա մեծագույն ֆուտբոլիստ է, որին ես շատ եմ գնահատում։ Նրա առջև դուռը չի փակվել, ազգային հավաքականից հեռացվելու մասին խոսք չի եղել։ Ես ցանկանում եմ ընդգծել սա։ Ռոբերտին հաջողություն եմ մաղթում: Ինձ համար ամենակարևորն ազգային հավաքականն է, ոչ թե այն, թե ով է նրա մարզիչը։ Կարևորը թիմն է։ Ես գիտակցում եմ, որ շատ դժվար որոշում եմ կայացրել մեծագույն ֆուտբոլիստի վերաբերյալ, որը մեծ հաջողությունների է հասել։ Սակայն ֆուտբոլային կյանքը երբեմն պահանջում է նայել այլ տեսանկյունից և ընտրել այն, ինչը լավ է թիմի համար»,- ասել է Պրոբեժը: