1996թ.-ից հետո «Յուվենտուսը» եվրագավաթային մրցաշար չի հաղթել...
2018 թվականին «Յուվենտուսը» պատրաստ էր եվրոպական ֆուտբոլում գերիշխանություն հաստատելուն: 7-րդ անընդմեջ Սկուդետոյին հաջորդած ամռանը թիմը մի քանի խոշոր ձեռքբերում կատարեց:
«Ծեր սինյորան» պայմանագիր կնքեց Կրիշտիանու Ռոնալդուի (117 մլն եվրո), Ժոաու Կանսելուի (40,4 մլն եվրո), Դուգլաս Կոստայի (40 մլն եվրո), Լեոնարդո Բոնուչիի (35 մլն եվրո) և Էմրե Ջանի (անվճար) հետ:
Թուրինյան ակումբը 263.2 մլն եվրո ծախսեց՝ ուժեղացնելու կազմը, որում արդեն ընդգրկված էին Պաուլո Դիբալայի, Սամի Խեդիրայի, Մարիո Մանջուկիչի, Խուան Կուադրադոյի և Միրալեմ Պյանիչի նման խաղացողներ:
Հաջորդ տարի նույնպես «Յուվենտուսը» տրանսֆերների համար խոշոր ծախսեր արեց՝ ձեռք բերելով Մատեյս դե Լիխտին (85,5 մլն եվրո), Դանիլոյին (37 մլն եվրո), Դեյան Կուլուշևսկիին (35 մլն եվրո), Քրիստիան Ռոմերոյին (31,5 մլն եվրո), Լուկա Պելեգրինիին (22 մլն եվրո) և Մերիհ Դեմիրալին (19,5 մլն եվրո): Իսկ ահա Աարոն Ռեմսին, Ադրիեն Ռաբյոն և Ջանլուիջի Բուֆոնը թիմին միացան անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Չնայած ծախսած 230.5 մլն եվրոյին ու Ա Սերիայում 9-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսին՝ թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պայքարը շարունակելու իրավունքը զիջեց «Լիոնին»:
Դեռ ամառվանից ասել ենք՝ Չեմպիոնների լիգան մեր նպատակն է ու կլինի ամեն տարի: Շարունակելու ենք աճել: Ունենք թիմ, որ երաշխավորում է «Յուվենտուսի» հիանալի ապագան...
ԱՆԴՐԵԱ ԱՆՅԵԼԻ, «Յուվենտուսի» նախագահ
2021 թվականին «Յուվենտուսը» ծախսեց 155.31 մլն եվրո՝ Արթուրին (76 մլն եվրո), Նիկոլո Ռովելային (23,3 մլն եվրո), Ալվարո Մորատային (20 մլն եվրո) և Ռոլանդո Մանդրագորային (15 մլն եվրո) ձեռք բերելու համար:
Այնուամենայնիվ, թուրինյան ակումբի համար մրցաշրջանն անհաջող էր. թիմը չկարողացավ նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պարտվեց «Պորտուին»:
ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՏԱՐՍԻՍ
«Յուվենտուսը» ոչ միայն իննամյա դոմինանտությունից հետո գահընկեց արվեց Իտալիայում, այլև թիմը պայքարում էր ոչ թե տիտղոսի, այլ վերջին տուրում 4-րդ տեղն զբաղեցնելու համար:
Անդրեա Պիռլոյի գլխավորությամբ բարդ մրցաշրջանը հանգեցրեց Մասիմիլիանո Ալեգրիի վերադարձին, թիմի ծրագրի փոփոխությունն էլ նշանավորվեց Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալով:
Չնայած 2010/11 մրցաշրջանից հետո նախորդ մրցաշրջանն առաջինն էր առանց ավարի, «Ծեր սինյորան» հիմք դրեց վերակառուցման նախագծին:
«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ 2022/23 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Դարպասապահ՝ Վոյցեխ Շեսնի
Պաշտպաններ՝ Ալեքս Սանդրո, Լեոնարդո Բոնուչի, Մատեյս դե Լիխտ (կարող է հեռանալ), Խուան Կուադրադո
Կիսապաշտպաններ՝ Մանուել Լոկատելի, Դենիս Զաքարիա, Պոլ Պոգբա, Անխել դի Մարիա, Ֆեդերիկո Կյեզա
Հարձակվող՝ Դուշան Վլախովիչ
Դուշան Վլախովիչին (81,6 մլն եվրո) և Դենիս Զաքարիային (8,6 մլն եվրո) ձեռք բերելուց հետո «Յուվենտուսն» այս ամառ անվճար թիմ հրավիրեց Անխել դի Մարիային ու Պոլ Պոգբային, որոնք ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էին համապատասխանաբար ՊՍԺ-ից ու «Մանչեսթեր Յունայթեդից»:
Հիմնական մոտիվացիան այստեղ գալն ու «Յուվեի» հետ ամեն ինչ հաղթելն են: Ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել, իսկ այս ակումբում խաղալը նման հնարավորություն ընձեռում է...
ԱՆԽԵԼ ԴԻ ՄԱՐԻԱ, «Յուվենտուսի» նորեկ
ԴԻԲԱԼԱ, ԿԻԵԼԻՆԻ, ՀԻՄԱ ԷԼ՝ ԴԵ ԼԻ՞ԽՏ...
Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ Պաուլո Դիբալան ու Ջորջիո Կիելինին լքել են թիմը: Բացառված չէ, որ նույն ճանապարհը կարող է բռնել Մատեյս դե Լիխտը, որի ծառայություններով ակտիվ հետաքրքրված են «Չելսին» ու «Բավարիան»:
Եթե նիդեռլանդցի կենտրոնական պաշտպանը հեռանա, «Յուվենտուսն» ակտիվ քայլեր կձեռնարկի՝ իր նշանառության տակ գտնվող, «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին ձեռք բերելու համար:
Ընդհանուր առմամբ, 5 տարվա ընթացքում «Յուվենտուսը» տրանսֆերների համար ծախսել է 815.51 մլն եվրո: Եվրոպայում ոչ մի թիմ այս ժամանակահատվածում այնքան չի ծախսել ձեռքբերումների համար, որքան «Ծեր սինյորան»: Թուրինյան գրանդին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (653.66 մլն եվրո), Մադրիդի «Ռեալը» (631.25 մլն եվրո), «Բարսելոնան» (621.10 մլն եվրո) և «Չելսին» (619 մլն եվրո):
Իտալիայի հարկային օրենքը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարից և ընդհանուր 511.52 մլն եվրոյով Կանսելուի (65 մլն եվրո), Պյանիչի (60 մլն եվրո), Մատիա Կալդարայի (36 մլն եվրո), Մոյզե Քինի (27.5 մլն եվրո), Ջանի (25 մլն եվրո), Կրիշտիանուի (15 մլն եվրո), Ռոդրիգո Բենտանկուրի (19 մլն եվրո) տրանսֆերային իրավունքների վաճառքն օգնել են թիմին ֆինանսավորելու այդ ժամանակահատվածում կատարած ձեռքբերումները: