«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». այս վերտառությամբ հոդված է հրապարակել իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը:
Աղբյուրը հիշեցրել է, որ 36-ամյա Մխիթարյանը երկու տարի առաջ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղադաշտ է դուրս եկել վերջնամասում, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից: Այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 1-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով էլ 2019 թվականին Լոնդոնի «Արսենալի» կազմում բաց էր թողել «Չելսիի» դեմ Բաքվում կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչը:
Այժմ Մխիթարյանն առանց խնդիրների, «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրի խաղում հանգստի հնարավորություն ստանալուց հետո «Ինտերի» կազմում պատրաստվում է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչին:
Մխիթարյանը ևս մեկ հնարավորություն ունի Կոնֆերենցիաների լիգայի ու Եվրոպա լիգայի տիտղոսներին ավելացնելու Չեմպիոնների լիգայի ականջավոր գավաթը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է երեք եվրագավաթները` մասնակցելով բոլոր եզրափակիչներին:
Հայ կիսապաշտպանը 2021/22 մրցաշրջանում իտալական «Ռոմայի» կազմում նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, իսկ մինչև այդ` 2016/17 մրցաշրջանում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող:
Այս եզրափակիչը շատ կարևոր կլինի Մխիթարյանի համար, քանի որ փորձառու ֆուտբոլիստը վերջերս չէր բացառել մրցաշրջանի ավարտից հետո կարիերայի հնարավոր ավարտը: Նրա պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին, բայց Մխիթարյանը կարող է մեկ տարի շուտ «խաղակոշիկները կախել մեխից»:
Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»:
Կարդացեք նաև՝