Թեև «Նոան» «Բուդուչնոստի» հետ արտագնա խաղում բաց թողեց հաղթանակը, սակայն գրանցված ոչ-ոքին (2-2) էլ բավարար էր Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճելու համար: Այդ փուլում «Նոան» կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:
1. «Նոան» դարձավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում նորամուտը հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ նշած հայկական 2-րդ ակումբը: Չեմպիոնների լիգայի մրցաշարում հանդես եկած հայկական 10 ակումբներից նախկինում միայն «Ալաշկերտին» էր հաջողվել առաջին փորձից Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճել: 2016/17թթ. մրցաշարում ալաշկերտցիներն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հաղթահարել էին Անդորրայի «Սանտա Կոլոմայի» արգելքը՝ 0-0, 3-0:
2. Եվրագավաթներում «Նոան» 5-րդ անգամ հաղթահարեց մրցակցի արգելքը՝ մտնելով հաջորդ փուլ: Նախորդ 4 հաջող ելույթները «Նոան» ունեցել էր Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ. խաղարկությունում՝ հաղթահարելով նախնական փուլերի արգելքներն ու հիմնական փուլի ուղեգիր նվաճելով:
3. «Նոան» դարձավ եվրագավաթներում չեռնոգորական թիմի արգելքը հաղթահարած հայկական 3-րդ ակումբը: Առաջինը «Շիրակն» էր, որը 2012/13թթ. Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում հաղթահարել էր «Ռուդարի» արգելքը (1-0, 1-1)՝ հաղթելով արտագնա խաղում:
2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտը» պայքարից դուրս էր թողել «Սուտյեսկային» (1-0, 0-0), իսկ 2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում առավելության էր հասել «Արսենալ Տիվատի» նկատմամբ (1-1, 6-1):
4. Հայ-չեռնոգորական ֆուտբոլային դիմակայությունում 5-րդ ոչ-ոքին գրանցվեց: Կայացած 14 հանդիպումներում հայկական թիմերը 5 հաղթանակ են տարել, 4 անգամ էլ հաղթել են Չեռնոգորիայի ներկայացուցիչները: Հայկական թիմերը խփել են 16 գոլ, բաց են թողել 15 գնդակ:
5. Սանդրո Պերկովիչը դարձավ եվրագավաթներում նորամուտը հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ նշած 16-րդ մարզիչը:
Նախկինում նման ցուցանիշ էին գրանցել Սամվել Դարբինյանը, Արկադի Անդրեասյանը, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Վարդան Մինասյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Վարդան Բիչախչյանը, Սամվել Սարգսյանը, Աբրահամ Խաշմանյանը, Անդրեյ Տալալաևը, Ալեքսանդր Տարխանովը, Ալեքսանդր Գրիգորյանը, Վահե Գևորգյանը և Ռուի Մոտան: Ընդ որում, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Վարդան Մինասյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը և Ալեքսանդր Գրիգորյանը նման ցուցանիշ էին գրանցել Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
6. Իմրան Ուլադ Օմարը պատասխան խաղում էլ դարձավ գոլի հեղինակ՝ 2 գնդակով գլխավորելով եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ակումբների լավագույն ռմբարկուների ցանկը:
Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում Ալեքսանդր Միլկովիչը երկու խաղերում էլ մեկական անգամ գրավել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դարպասը, իսկ Մաթեուս Այասը նման հաջողության էր հասել Սլովակիայի «Ռուժոմբերոկի» հետ դիմակայությունում:
7. Ալեն Գրգիչը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ ընդգրկվելով թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում: Նա «Բուդուչնոստի» դարպասը գրավեց 30 տարեկան 339 օրականում: Եվրագավաթներում «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն Օգնյեն Չանչարևիչն է, որը 34 տարեկան 316 օրականում գրավել է հունական ԱԵԿ-ի դարպասը: Ցանկում 2-րդն Ալեքսանդր Միլկովիչն է, որը հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դարպասը խոցել է 34 տարեկան 143 օրականում:
8. 11մ նշակետից Մաթեուս Այասի վրիպումը ոչ միայն թիմին զրկեց հաղթանակից, այլև ֆուտբոլիստին հնարավորություն չտվեց դառնալու եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն: 11մ հստակ իրացնելու դեպքում Այասը եվրագավաթներում 7-րդ գոլը կխփեր:
9. Եվրագավաթներում «Նոան» 2-րդ անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ: Առաջին հարվածը դիպուկ էր իրացրել Գոռ Մանվելյանը՝ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ. խաղարկության փլեյ-օֆֆում գրավելով Սլովակիայի «Ռուժոմբերոկի» դարպասը:
10. Էրիկ Բոակյեն և Տակուտո Օշիման պաշտոնական առաջին խաղն անցկացրին «Նոայի» կազմում: «Բուդուչնոստի» հետ կայացած առաջին խաղում եվրագավաթներում թիմում նորամուտն էին նշել Ներմին Զոլոտիչը, Դավիթ Սուալեհեն, Ալեն Գրգիչը և Մարին Յակոլիշը: